Ռուսաստանը ետ է կանչում ՆԱՏՕ-ում իր ներկայացուցչին

22:06 • 03.04.14

ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել ՆԱՏՕ-ում ՌԴ գլխավոր ռազմական ներկայացուցչին  ետ կանչել Մոսկվա՝ խորհրդակցություններ անցկացնելու համար:

 

Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ РИА Новости-ին հղումով, համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:

 

«Լարված իրավիճակի արհեստական սրումը մեր ընտրությունը չէ: Համենայն դեպս՝ մենք ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցությունը շարունակելու հնարավորություն չենք տեսնում: Մենք որոշել ենք գեներալ-գնդապետ Եվնևիչին ետ կանչել Մոսկվա՝ խորհրդակցություններ անցկացնելու համար», - ընդգծել է Անտոնովը:


Բացի այդ՝ նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների որոշումը ՌԴ-ի հետ ռազմական և քաղաքացիական համագործակցությունը դադարեցնելու մասին զրոյացնում է բազմամյա աշխատանքի արդյունքները:


«Ռուսաստանի հետ քաղաքացիական և ռազմական գծով համագործակցությունը դադարեցնելու մասին որոշումը զրայացնում է վերջին տարիների ընթացքում կատարած համատեղ աշխատանքի արդյունքները: Կցանկանայինք հուսալ, որ Բրյուսելում լավ են հաշվարկել նման քայլի հետևանքները Եվրաատլանտյան համագործակցության համար», - հայտարերել է վերջինս:



Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ՆԱՏՕ-ն հայատարարել է ՌԴ-ի հետ ռազմական և քաղաքացիական համալիր համագործակցության դադարեցման մասին: