Ուկրաինայում երկրորդ պետական լեզու չի լինի. Տուրչինով

13:16 • 03.04.14

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը կարծում է, որ Ուկրաինայում պետական լեզուն միայն կարող է ուկրաիներենը լինել, տեղեկացնում է newsru.ua կայքը։

 

«Մենք չենք կարող Ուկրաինայի բոլոր փոքրամասնությունների լեզուները գրանցել Սահմանադրության մեջ։ Կա ուկրաիներենը, որը հիմնականն է և որի վրա կառուցվում է ուկրաինական պետությունը»,-ասել է Տուրչինովը։

 

Նա նաև ընդգծել է, որ պետությունը պետք է պայմաններ ստեղծի Ուկրաինայում ապրող բոլոր ազգերի լեզուների զարգացման համար։

 

«Ռուսաց լեզվի կարգավիճակը պետք է ոչ թե փոխի Սահմանադրությունը, այլ չսահմանափակի ռուսերենով շփվող և ռուսական մշակույթով հետաքրքրվող մարդկանց իրավունքները։ Հենց նման օրենքի վրա էլ մենք աշխատում ենք։ Օրենք՝ ազգային փոքրամասնությունների լեզուների մասին, որը ոչ միայն ռուսախոս քաղաքացիներին հնարավորություն կտա պահպանել մշակութային ժառանգությունը։ Բոլորի համար պետք է հավասար պայմաններ ստեղծվեն»,-ասել է Տուրչինովը։

 

Փետրվարի 23-ին Գերագույն ռադան ուժը կորցրած էր ճանաչել 2012թ.-ին ընդունված լեզվային քաղաքականության մասին օրենքը։