Շումախերի մենեջերը հերքել է մարզիկին տուն տեղափոխելու լուրերը

16:09 • 03.04.14

Հայտնի ավտոմրցարշավորդ, «Ֆորմուլա-1»-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Քեմը հայտնել է, որ 3 ամիս արհեստական կոմայում գտնվող մարզիկին տուն տեղափոխելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

 

Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, ավելի վաղ ԶԼՄ-ները տարածել էին, որ Շումախերի կինը՝ Կորինան, պատրաստվում է նրան Շվեյցարիայի իրենց տուն տեղափոխել։ Նշվում էր նաև, որ կինը պատրաստվում է Շումախերի համար անմիջապես տանը կից մի քանի մլն դոլար արժողությամբ բուժկետ կառուցել։

 

Հիշեցնենք, որ մարզիկը գլխուղեղի լուրջ վնասվածք է ստացել 2013թ. դեկտեմբերի 29-ին՝ Ֆրանսիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում։ Բժիշկները կանխատեսում են, որ եթե Շումախերին հաջողվի կոմայից դուրս գալ, ապա մինչև կյանքի վերջ դրա հետևանքները զգացնել կտան։