Տ.Սարգսյանի հրաժարականը կապ չունի ոչ կոալիցիոն ուժերի՝ Կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնության հետ. Է. Շարմազանով

22:36 • 03.04.14

Բոլոր կարծիքները, թե իբր՝ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը կապ ունի ոչ կոալիցիոն ուժերի այն հայտարարության հետ, թե ապրիլի 28-ին Ազգային ժողովի հերթական քառօրյայի օրակարգում ներառելու են Կառավարության հրաժարականի հարցը, իրականությանը մեղմ ասած՝ չեն համապատասխանում: Այս մասին հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական հաղորդման ժամանակ:

 

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը կապ չունի նաև տնտեսական որոշակի խնդիրների կամ երեկ Սահմանադրական դատարանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու հետ:

 

Հարցին, թե Տիգրան Սարգսյանը շարունակելու՞ է մնալ ՀՀԿ փոխնախագահ և ինչպե՞ս են պատկերացնում նրա քաղաքական ապագան, Շարմազանովը պատասխանեց.


«Միանշանակ՝ Տիգրան Սարգսյանը մնում է կուսակցության փոխնախագահ: Նա մեր կուսակցական ընկերն է, և ես կարծում եմ, որ քաղաքական գործիչների կյանքը չի ընդհատվում պաշտոնանկությունից հետո»,-ասաց նա: