Բրազիլիայի դատախազությունը սպառնացել է փակել մարզադաշտը, որտեղ պետք է կայանա Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումը

10:37 • 03.04.14

Բրազիլական Սան Պաուլու նահանգի դատախազությունը պահանջել է «Իտակերան» մարզադաշտի շինարարներից «կատարել այդ տեսակի կառույցների համար գոյություն ունեցող անվտանգության բոլոր պահանջները»: Հակառակ դեպքում մարզադաշտը ստիպված կլինեն փակել, գրում է Russia Today-ը:

 

Բրազիլիայում հենց «Իտակերան» մարզադաշտում հունիսի 12-ին պետք է կայանա Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումը: Եթե դատախազության պահանջները չիրականացվեն, այն ստիպված կլինի «ժամանակավորապես արգելել մարզադաշտի օգտագործումը, անգամ՝ Աշխարհի առաջնության ժամանակ»:

 

Դատախազությունն արձագանքել է նահանգի հրշեջ ծառայության եզրակացությանը, որն ընդհանուր առմամբ 26 դիտողություն է արել կառուցվող մարզադաշտում անվտանգության նորմերի պահպանության վերաբերյալ:


Մասնավորապես, մարզադաշտում պետք է ներկայացվի հանդիսատեսի տարհանման ընդհանուր պլանն արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում: