ՄԱԿ-ը օգնություն է հատկացնում Լաթաքիայում ապաստան գտած 1550 քեսաբցիներին

21:55 • 03.04.14

Սիրիայի Քեսաբ քաղաքի ավելի քան 1500 ընտանիք գրանցվել է որպես հարկադիր գաղթյալներ Լաթաքիայում: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը: Վերջինիս խոսքով՝ փախստականներին անհրաժեշտ հումանիտար օգնություն է հատկացվում:


«ՄԱԿ-ը երկու առաքելություն է իրականացրել Լաթաքիայում՝ Քեսաբի բնակչության գաղթի սկզբից ի վեր: Շուրջ 1550 ընտանիք Քեսաբից գրանցվել է որպես հարկադիր տեղահանված անձ, ովքեր օգնություն կստանան», - նշվում է Հաքի հայտարարության մեջ:


Նա նաև ընդգծել է, որ Քեսաբի շրջանը, որը մեծապես բնակեցված է հայերով, շարունակում է ռազմական գործողությունների ասպարեզ հանդիսանալ: «Այնտեղ ոչ մի առաքելություն չի ուղարկվել», - գրել է համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը՝ հավելելով, որ բնակչության մեծ մասն ապաստան է գտել Լաթաքիայում:

 

Հիշեցնենք, որ վերջին հաղորդումնների համաձայն՝ զինված ծայրահեղականները գրավել են Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող սիրիական Քեսաբ քաղաքը, որտեղ մի խումբ գերիներ են պահում: