Երեք զինվորի սպանած ամերիկացին ինքնասպան է եղել

08:28 • 03.04.14

Ամերիկյան Ֆորտ Հուդ ռազմաբազայում՝ Տեխաս նահանգի Կիլին քաղաքից ոչ հեռու, երեք մարդ հրաձգության զոհ է դարձել, ևս 14-ը վիրավորվել է, այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Associated Press գործակալության հղումով։


Ոստիկանության ներկայացուցիչը հաղորդել է, որ հրաձիգը նույնպես մահացել է, և, ըստ հավաստի տեղեկությունների, նա ինքնասպան է եղել։


Ամերիկյան լրատվամիջոցների խոսքերով՝ մեղավորը 34-ամյա զինվոր Իվան Լոպեզն է եղել։ Հրաձգությունը նա սկսել է մեկ այլ զինծառայողի հետ վիճաբանությունից հետո։


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեղի ունեցածը «սարսափելի ողբերգություն» է որակել։


Ֆորտ Հուդն ԱՄՆ տարածքում գործող ամենամեծ ռազմաբազան է։ Այստեղ ծառայում է ավելի քան 40 հազար զինվոր և սպա։ Ռազմաբազայում մոտ 70 հազար մարդ կա՝ այդ թվում զինծառայողների հարազատները։