Դատապարտյալին երրորդ անգամ թույլ չեն տվել օգտվել պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից
ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն երկրորդ անգամ դիմում-խնդրագիր է ուղարկել Ամատունին Tert.am-ի խմբագրություն՝ նշելով, որ չի կարողանում օգտվել պայամանական վաղաժամկետ ազատման իրավունքից:
Առաջին անգամ նա դիմում-խնդրագիր էր ուղարկել Tert.am-ի խմբագրություն հունվարի 30-ին:
Յոթ տարվա ազատազրկման դապատապարտվածն իր պատիժը կրում է ՀՀ Քրեական օրենսգրքի 175 հոդվածի (Ավազակություն) 2-րդ մասի համաձայն: Պատիժը կրում է 2010թ-ի հունվարի 28-ից:
«…Մինչև օրս դրսևորում եմ դրական, հարգալից վարքագիծ և վերաբերմունք, կատարում եմ ադմինիստրացիայի բոլոր օրինական պահանջները, արժանացել եմ երկու խրախուսանքի, մասնակցում եմ բոլոր հանրօգուտ միջոցառումներին, չունեմ ոչ մի բացասական հանգամանք, որը կարող է պատճառ հանդիսանալ իմ վաղաժամկետ պայմանական ազատմանը խանգարելու համար: Խնամքիս է գտնվում երկրորդ կարգի հաշմանդամ միայնակ մայրս, ով հիմա գտնվում է առողջական վատ վիճակում: Ստեղծել եմ դատապարտյալների «Կրթական ինքնագործ միավորում», որտեղ իմ մշակած ծրագրով ցանկացողները սովորում են աշխարհագրություն, պատմություն, իսպաներեն, անգլերեն»,-նամակում գրել է նա:
Դատապարտյալը նաև նշում է, որ Քր.Օ-ի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ ծանր հանցագործության համար նշանակված պատժի 1/2 –ը կրելուց հետո դատապարտյալի նկատմամբ կիրառվում է պայմանական վաղաժամկետ ազատում:
«Իմ պատժի 1/2-ը լրացել է 2013թ-ի հուլիսի 28-ին, սակայն, ինչպես տեսնում եք, ես դեռ պատիժ եմ կրում»,-գրել է նա:
Նախորդ անգամ, Ռուբեն Ամատունու հարցով Tert.am-ը դիմել էր արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանին՝ պարզելու, թե ինչն է պատճառը, որ դատապարտյալը չի կարողանում օգտվել պայմանական վաղաժամկետ ազատման իր իրավունքից: Ի պատասխան Գոռ Ղլեչյանը նշել էր, որ դատապարտյալին տրվում է որոշման պատճենը, և եթե վերջինս նպատակահարմար չի գտել դրանք մեզ ուղարկել, ապա ինքը իրավունք չունի հրապարակել:
Վերջին նամակում Ռուբեն Ամատունին նամակի հետ կցել է ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի որոշումը, որտեղ ևս նշվում է, որ դատապարտյալը երկու անգամ խրախուսվել է, իսկ կարգապահական տույժի չի ենթարկվել:
«Պատժի կրման վերջին ժամանակաշրջանում դատապարտյալը ակտիվություն չի ցուցաբերում իրականացվող միջոցառումներին: Ընթացիկ գնահատման արդյունքները միջին են, նկատելի է ռիսկայնության աստիճանի բարձրացում… Ուղղման աստիճանը դեռևս լիարժեք դրական չէ, պատժի մնացած մասը կրելու կարիք ունի: Վարչական հանձնաժողովը, հաշվի առնելով վերոնշված հանգամանքները և կատարած հանցագործության վտնագավորության աստիճանը, որոշեց պատժից պայմանական վաղաժամկետ ազատ ազատելու մասին միջնորդագիր չներկայացնել»,-գրված է որոշման մեջ:
Հարցի շուրջ Tert.am-ը խոսեց ՔԿՀ–ների հասարակական դիտորդների խմբի ղեկավար Ռոբերտ Ռևազյանի հետ: Վերջինս ևս ընդգծեց, որ դատապարտյալները հիմնականում չեն կարողանում օգտվել պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից:
«Շատ-շատ են այն դատապարտյալները, որոնք չեն կարողանում օգտվել այդ իրավունքից: Վերջնական արդյունքում դիմողների 6%-ին է դա հաջողվում: Խնդիրն այն է, որ այսօր չունենք հստակ չափանիշներ, թե ինչ կարգով է գործում ազատ արձակումը: Զուտ սուբյեկտիվ գնահատականներ են տալիս: Բայց կա նաև ներքին հրահանգ այն մասին, որ որոշակի հոդվածների դեպքում այդ իրավունքը չկիրառվի: Տրամաբանությունը չգիտեմ՝ որն է: Բոլոր հանցագործությունների համար էլ պետք է գործեն հավասար նորմեր: Բայց փաստացի դրանք չեն գործում»,-ասաց նա:
Ռոբերտ Ռևազյանը նաև ավելացրեց, որ հիմնականում ուժային կառույցների ներկայացուցիչներն են ընդգրկված համապատասխան հանձնաժողովներում, այսինքն՝ անձինք, ովքեր ունեն պատժիչ հոգեբանություն:
«Իրենց կողմից գնահատելը, թե անձը ուղղվել է, շատ սուբյեկտիվ բնույթ է կրում: Մենք բազմիցս ենք այս հարցին անդրադարձել, ունենք նաև առաջարկություններ, որոնք շուտով ներկայացնելու ենք արդարադատության նախարարություն,այնուհետև՝ ԱԺ: Դրանցից մեկը հստակ չափանիշներ սահմանելու անհրաժեշտությունն է»,-ասաց նա և ընդգծեց, որ իրականում այս իրավունքը ՀՀ ՔԿՆ-երում դատապարտյալներին ուղղելու միակ միջոցն է, քանի որ իրականում չեն գործում ուղղման մյուս միջոցները:










