Սեպտեմբերի 3, ապրիլի 3. Հ.Հովհաննիսյանը վարչապետի հրաժարականի հետ կապված այս ամսաթվերը խորհրդանշական է համարում
Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը խորհրդանշական համարեց Հայաստանի համար երկու վճռորոշ ամսաթիվ՝ 2013-ի սեպտեմբերի 3 -ը ( հայտարարվեց ՄՄ-ին անդամակցելու որոշումը) և 2014-ի ապրիլի 3-ը (վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց) և ասաց. «Մեծ հաշվով՝ երբ երկրում արտաքին քաղաքական կուրս է փոխվում 180 աստիճանով, կաբինետը հրաժարական է տալիս»: Անդրադառնալով հաջորդ վարչապետի անձին՝ քաղաքագետն ասաց. «Եվ հիմա, ես Սերժ Սարգսյանի քաղաքական ձեռագիրը լավ գիտեմ, համոզված եմ, որ նա, ով նման իրավիճակներում իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում, կգնա կոնսուլտացիաների այդ «հրաշալի քառյակը» ներկայացնող կուսակցությունների հետ առանձին-առանձին, և այստեղ է, որ չի շտապի, կերկարաձգի ինտրիգը, որի իմաստն այն է, թե ով կլինի հաջորդ վարչապետը»:
-Պարո՛ն Հովհաննիսյան, ո՛չ միայն հանրության, այլև քաղաքական ուժերի համար, ներառյալ՝ իշխող մեծամասնությունը, վարչապետի հրաժարականն անսպասելի էր:
-Սեպտեմբերի 3, ապրիլի 3 (ծիծաղում է): Խորհրդանշական է: Մաքսային միությունը Տիգրան Սարգսյանի վրա չեկավ:
-Նկատի ունեք ՄՄ-ին անդամակցելու անհնարինության մասին նրա նախկին հայտարարություննե՞րը, որոնք հետո նա խմբագրեց:
-Մեծ հաշվով՝ երբ երկրում արտաքին քաղաքական կուրս է փոխվում 180 աստիճանով, կաբինետը հրաժարական է տալիս, որովհետև կաբինետն այն թիմն է, որն իրականացնում է այն քաղաքական կուրսը, որին հավատում է: Տիգրան Սարգսյանի կաբինետը 3, 5 տարվա ընթացքում բանակցություններ էր վարում Եվրամիության հետ՝ Ասոցացման համաձայնագրերի փաթեթը համաձայնեցնելով, սակայն անցյալ տարի սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո, երբ հայտարարեց նոր քաղաքականության մասին, որի նպատակն է՝ անդամակցումը Մաքսային միությանը և եվրասիական ինտեգրմանը, Կառավարությունը ստիպված էր ոտնակոխ անել սեփական երգը: Այդ իրավիճակից դուրս գալու՝ Տիգրան Սարգսյանի վերջին փորձը ԵՄ-ին այն առաջարկությունն էր, որը նա արեց իր հրաժարականից մի քանի օր առաջ: Այն է՝ հայտարարելով, որ ինչպես Ուկրաինան, այնպես էլ՝ Հայաստանը պատրաստակամ է ԵՄ-ի հետ համաձայնագրերի քաղաքական մասի ստորագրմանը, քանի որ հասկանալի է, որ տնտեսական մասը չի կարող ստորագրվել՝ ՄՄ-ին անդամակցել պատրաստվելու պատճառով: Եվ երբ ի պատասխան իր այդ հայտի, ի դեմս ԵՄ չինովնիկների, Տիգրան Սարգսյանն ստացավ շատ հստակ ճնշում, ովքեր ասացին, որ Հայաստանն ի տարբերություն Ուկրաինայի պատրաստվում է անդամակցել ՄՄ-ին…
-Ասացին՝ Հայաստանն «այլ լիգայում է»…
-Պարզ ասացին, որ դա անհնարին է, և որևէ համեմատություն այդ հարցում չի կարող լինել: Այսինքն՝ դուռը փակ է և որևէ հեռանկար չկա: Ուստի դա Տիգրան Սարգսյանի վերջին փորձն էր՝ փրկելու սեփական դեմքը: Իհա՛րկե, դրան հետևեցին նաև ներքաղաքական գործընթացներ, որոնք նույնպես իրենց ազդեցությունն ունեցան Տիգրան Սարգսյանի որոշման վրա. երբ առկա այս սոցիալական լուրջ դժգոհության ֆոնի վրա տեղի ունեցավ «հրաշալի քառյակի» համախմբումը, և այն տեղի ունեցավ ո՛չ թե գաղափարական-քաղաքական հենքի վրա և հանուն սկզբունքով, այլ՝ ընդդեմ սկզբունքով, ընդդեմ կոնկրետ Տիգրան Սարգսյանի, կոնկրետ մեկ պահանջով՝ վարչապետի հրաժարականը: Նկատի ունեմ, որ «հրաշալի քառյակը» նախապատրաստվում է ապրիլի 28-ին, և այդ ոչ իշխանական 4 ուժի առանցքային ուժի ներկայացուցիչներից մեկը նույնիսկ սպառնում էր բարիկադներով: Եվ այս պայմաններում այս քառյակը ներսից պառակտելու լավագույն միջոցը հենց այդ ընդհանրական պահանջի հիմքերը խարխլելն էր, իսկ դա հնարավոր էր հասնել վարչապետի հրաժարականով: Եվ հիմա, ես Սերժ Սարգսյանի քաղաքական ձեռագիրը լավ գիտեմ, համոզված եմ, որ նա, ով նման իրավիճակներում իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում, կգնա կոնսուլտացիաների այդ «հրաշալի քառյակը» ներկայացնող կուսակցությունների հետ առանձին-առանձին, և այստեղ է, որ չի շտապի, կերկարաձգի ինտրիգը, որի իմաստն այն է, թե ով կլինի հաջորդ վարչապետը: Կփորձի այն օգտագործել, որպեսզի «հրաշալի քառյակին» ներսից պառակտի, և նրանց միասնության հիմքերը խարխլի:
-Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ «Հայ ազգային կոնգրեսը» Կառավարության հրաժարականը դիտարկում էր որպես իշխանափոխության առաջին փուլ, որը կարելի է լուծված համարել, և անցնում է երկրորդ փուլին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Չե՞ք կարծում, որ այդ պահից սկսած ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի ճանապարհները կբաժանվեն:
-Տեսնո՞ւմ եք: Արդեն ՀԱԿ-ը, գիտակցելով այն, որ նոր վարչապետի ընտրության հարցը օգտագործվելու է Սերժ Սարգսյանի կողմից՝ քառյակը դեինտեգրելու նպատակով, փորձում է պրեվենտիվ ՝ կանխարգելիչ քայլեր անել, որպեսզի իրենց միավորող նպատակի փոխարեն մի նոր նպատակ դնի՝ ասելով, որ սա ընդամենը՝ առաջին փուլն է, ներկայացնի այդ արդյունքը՝ որպես իրենց համախմբման շոշափելի արդյունք՝ նպատակ ունենալով համախմբել երկրորդ տանդեմի շուրջ: Եվ այստեղ է, որ Սերժ Սարգսյանը նպատակ է դնելու իր առջև՝ առավելագույնս օգտագործել նոր վարչապետի ընտրության հարցը՝ այս 4-ի ֆորմատը չեզոքացնելու և ցույց տալու, որ քառյակը կազմող ուժերի նպատակները շատ տարբեր են, բացահայտելու այն տարբերությունները, որոնք նրանց միջև օբյեկտիվորեն գոյություն ունեն, և որոնք մինչև հիմա քողարկվում էին այդ հեղհեղուկ ձևակերպումով՝ ոչ իշխանական ուժեր: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ցույց է տալու, թե որն է արմատական ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերի միջև տարբերությունը:
-Քննարկվում են վարչապետի տարբեր անուններ՝ Ռոբերտ Քոչարյան, Սեյրան Օհանյան, Կարեն Կարապետյան, Ռալֆ Յիրիկյան: Այն, ինչ ասացիք, այդ ազգանունների շրջանակու՞մ է:
-Ավելացնեմ՝ Արկադի Ղուկասյան, և հետագայում էլ շատ տարբեր անուններ են շոշափվելու… Ռուբեն Վարդանյան, և համոզված եմ՝ Սերժ Սարգսյանն այդ ինտրիգը պահելու է այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի՝ ցույց տալու այդ 4-ի նպատակների տարբերությունը:
-Իսկ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին վարչապետ կնշանակի՞ :
-Ես ոչինչ չեմ բացառում… և ասեմ, որ Դուք ինձ գիտեք՝ որպես փորձառու քաղաքական գործիչ, ես կարող է մի բան իմանամ, բայց չասեմ, որովհետև լինելով վերլուծաբան՝ չեմ դադարում լինել հասարակական-քաղաքական գործիչ, և չէի ցանկանա որևէ մեկի քարտերը խառնել. ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ քառյակի: Այնպես որ՝ թեև գիտեմ, բայց՝ չեմ ասի:










