Լաթաքիայի և Քեսաբի մերձակայքում դաժան մարտեր են ընթանում
Լաթաքիայի հյուսիսում սիրիական բանակը դաժան մարտեր է մղում «Ջաբհաթ ան-Նուսրա» և «Իսլամական ճակատ» խմբավորումների դեմ։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ սիրիական «Սուրիա ալ-էն» գործակալությանը հղումով, զինծառայողները զինյալ ծայրահեղականներին դարձյալ դուրս են մղել ռազմավարական «45» բարձունքից երկու շաբաթ առաջ գրավված Քեսաբի մերձակայքում։
Այդ դիրքից սիրիական հրետանին և տանկերը կրակում են Էլ Կոուզ տեղանքի վրա։
Թուրքիայի հետ սահմանամերձ գագաթները մեկ անգամ չէ, որ վերջին օրերին ձեռքից ձեռք են անցել։ Դեռևս կառավարական ուժերին չի հաջողվում վերահսկողություն սահմանել Նասր լեռան, Էս-Սահա բարձունքի և Նաբա ալ Մուրր շրջանի նկատմամբ։
Հրամանատարությունը Քեսաբի ուղղությամբ Հալեպից և Իդլիբից ռազմական ստորաբաժանումներ է ուղարկում։
Դամասկոսի հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Լաթաքիայի հյուսիս է մեկնել Սիրիայի ԶՈՒ գեներալ Ալի Այուբը։
Ելույթ ունենալով զինվորների և սպաների համար, որոնք հավաքվել էին «45» կոչվող բարձունքի վրա, նա վստահություն է հայտնել, որ շուտով հակառակորդ խմբերը պարտություն կկրեն։
«Աս-Սաֆիր» թերթը հաղորդում է, որ երկու օր առաջ Քեսաբում և զինյալների բազայում հայտնվել է Ազգային ընդդիմադիր և հեղափոխական ուժերի առաջնորդ Ահմեդ ալ Ջաբրան, որը լուսանկարվել է զինյալների հետ և հայտարարել, որ «խմբավորումներին կտրամադրեն անհրաժեշտ ամենը՝ Քեսաբն ու հարևան շրջանները պահելու համար»։
Սակայն մեկնաբանները կասկած են հայտնում այդ նորության կապակցությամբ, նշելով, որ դժվար ալ Ջաբրային ուրախությամբ ընդունեին այն զինյալներն ու մոջահեդները, որոնք կռվում են այսպես կոչված՝ Սիրիայի ազատ բանակի դեմ։










