Մոսկվան կապ չունի և չի կարող ունենալ Կիևում «դիպուկահարների գործի» հետ. Լավրով

14:34 • 04.04.14

Ռուսաստանը կապ չունի և չի կարող ունենալ Կիևի Անկախության հրապարակում բողոքի ցույցերի մասնակիցների վրա կրակած «դիպուկահարների գործի» հետ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ria.ru-ն:

 

«Հանցագործություններն իրականացվում էին ուկրաինական տարածքում: Մենք այդ հանցագործությունների հետ կապ չենք ունեցել, և չէինք էլ կարող ունենալ»,- ասել է նա:

«Նրանց կողմից, ովքեր փետրվարի 20-ի իրադարձություններն օգտագործեցին իշխանության գրավման, սահմանադրական հեղաշրջման համար, իրավական ալիքներով (համատեղ հետաքննության վերաբերյալ) որևէ դիմում մենք չենք ստացել»,- հավելել է նախարարը:

 

Նա ընդգծել է, որ Ուկրաինայում տարաձայնությունների պատճառը ներկայիս իշխանությունների՝ «բոլոր բնակիչների, նրանց իրավունքների, երկրի բոլոր շրջանների նկատմամբ հարգանք դրսևորելու անկարողությունն է»։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության 26 աշխատակից անմիջական մասնակցություն է ունեցել Կիևում ցույցերի ժամանակ զանգվածային սպանություններին: