Լոս Անջելեսում Քեսաբի կրթական ասոցիացիան թուրք-սիրիական սահմանը փակելու խնդրագիր է ներկայացրել ՄԱԿ-ին
Լոս Անջելեսում Քեսաբի կրթական ասոցիացիան (KEA) խնդրագիր է ներկայացրել ՄԱԿ-ին` փակելու թուրք-սիրիական սահմանը և պաշտպանելու Քեսաբ քաղաքը, որը հարձակման է ենթարկվել մարտի 21-ին: Այս մասին հաղորդում է Asbarez News-ը՝ հիշեցնելով, որ սիրիացի ապստամբները, օգնություն ստանալով Թուրքիայի կողմից, հարձակում են գործել Սիրիայի հյուսիսարևմտյան սահմանին գտնվող խաղաղ քաղաքի վրա, որից հետո շուրջ 2000 քեսաբաբնակ հայ հաղթել է Լաթաքիա:
«Քեսաբը հայերով բնակեցված վերջին քաղաքն է, որը մնացել է Կիլիկիայի հայոց թագավորությունից: Մենք չենք կարող թույլ տալ, որ այն ավերվի, իսկ մեր եղբայրներն ու քույրերը Քեսաբից տեղահանվեն», - հայտարարել է Լոս Անջելեսում Քեսաբի կրթական ասոցիացիայի նախագահ Էսթեր Տոգնոզին:
Քեսաբի քաղաքապետարանում ապրիլի 1-ին տեղի ունեցած հանդիպման մասնակիցները՝ Հայոց ազգային հանձնաժողովը, Սիրիայում հայերի օգնության հիմնադրամը, Հայոց հեղափոխական ֆեդերացիան և Հայ երիտասարդների ֆեդերացիան ավելի քան 120 մտահոգված ամերիկահայերի հետ, որոնց արմատները ևս Քեսաբից են, քննարկել են, թե ինչ կարող է արվել միջազգային մակարդակով ուշադրություն հրավիրելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված խնդրագրում, որի կրկնօրինակներն ուղարկվում են նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպան պաշտոնյաներին, Քեսաբի կրթական ասոցիացիան հայտնում է.
«Հարգելով մարդու իրավունքները, ներառյալ՝ կրոնական փոքրամասնություններինը, մենք հարգանքով դիմում ենք` խնդրելով, որ
• ՄԱԿ-ը հանդես գա անհապաղ կոչով` ուղղված սիրիացի ապստամբների կողմից Քեսաբի ռմբակոծությունը և խաղաղ բնակիչների վրա հարձակումը դադարեցնելուն, որը մարդու միջազգային իրավունքների կոպիտ խախտում է:
• ՄԱԿ-ը և կազմակերպությանն առնթեր գործակալությունները միջամտեն կամ այլ եղանակով ապահովեն ֆիզիկական անվտանգությունը և քեսաբահայության և մյուս կրոնական փոքրամասնությունների օրինական պաշտպանությունը:
• ՄԱԿ-ը աջակցի քեսաբահայության խաղաղ վերադարձին իրենց հայրական տներ»:










