Ռ. Քոչարյանի՝ վարչապետի թեկնածու լինելու լուրն իրականությանը չի համապատասխանում. 2-րդ նախագահի խոսնակ
Շրջանառվող լուրը, որ Ռոբերտ Քոչարյանը վարչապետի թեկնածուներից մեկն է, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը՝ ի պատասխան դիտարկման, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը ևս շրջանառվում է մի շարք թեկնածուների շարքում:
Ի պատասխան հարցի, թե 2013-2014 տարեվերջ-տարեսկզբին Ռոբերտ Քոչարյանը միանգամայն անսպասելի հանդես եկավ Տիգրան Սարգսյանի արմատական քննադատությամբ, հետևաբար, գոհունակությա՞մբ է նա ընդունել հրաժարականի լուրը, թե ոչ, Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Ես դեռ առիթ չեմ ունեցել 2-րդ նախագահի հետ քննարկելու վարչապետի հրաժարականը, եթե հատուկ արձագանքելու կարիք լինի, իր արձագանքը կփոխանցեմ»:
Վիկտոր Սողոմոնյանը ևս մեկ անգամ հերքեց տեղեկատվությունը, ինչը վերջին տասը օրերին պարբերաբար հերքում է, որ Ռոբերտ Քոչարյանը ևս եղել է Դուբայում, որտեղ այս օրերին հանգստանում էին Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը և այլք:










