Սպիտակ տունը խնդրել է չտարածել Օբամայի «սելֆիները»
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյ Քարնին դժգոհություն է հայտնել համացանցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի լուսանկարի տարածման կապակցությամբ, որը բջջային հեռախոսով նկարել էր Boston Red Sox բեյսբոլի թիմի կապիտան Դևիդ Օրտիսը, գրում է Взгляд-ը։
Դևիդ Օրտիսն ինքնալուսանկար էր արել ԱՄՆ նախագահի հետ Սպիտակ տանը կայացած տոնական միջոցառման ընթացքում։ Samsung հեռախոսով արված լուսանկարն անմիջապես տարածվել էր Twitter-ի միջոցով։
Մինչդեռ, ԶԼՄ-ները պարզել են, որ Դևիդ Օրտիսը պայմանավորվածություն ունի հարավկորեական ընկերության հետ լուսանկարներ տրամադրելու վերաբերյալ, որոնք ընկերությունը հետագայում կարող է օգտագործել գովազդային նպատակներով։
Քարնին հայտարարել է, որ նախագահի լուսանկարը չպետք է օգտագործվի կոմերցիոն նպատակներով։ Նրա խոսքով՝ վարչակազմն այս կապակցությամբ խորհրդակցություններ է վարում փաստաբանների հետ։
Samsung ընկերությունում հերքում են, որ մարզիկի լուսանկարը Բարաք Օբամայի հետ արվել է հատուկ պատվերով։










