Ցույց՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի որդու (լուսանկարներ, տեսանյութ)

11:47 • 04.04.14

Ոստիկանության գլխավոր քննչական բաժանմունքի մոտ այսօր հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ՝ ի պաշտպանություն «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի, ում նկատմամբ նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյան հայտարարած հեղափոխությունից 5 ամիս անց առաջադրվել է քրեական մեղադրանք՝ խուլիգանության հատկանիշներով:


Մարդիկ ոստիկանական բաժանմունքի մոտ «Շահեն Հարությունյան. 15 տ. - քաղաքական հետապնդման զոհ», «Խուլիգանները հայրենիքը վաճառողներ են» բովանդակությամբ պաստառներ պարզած՝ սպասում են Շահենին:


Այստեղ է նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Արմենիա Թոդեյ»-ի համակարգող Արգիշտի Կիվիրյանը, «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը, «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը, ինչպես նաև Շահենի մայրն ու ընկերները:


Մի քանի րոպեով այստեղ այցելեց նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ սատարում է Շահենին և շարունակում պահանջել, որ Շանթ Հարությունյանն ազատ արձակվի:


«Սա մեր ապօրինի պետության ինքնապատկերն է, և ես միանում եմ այս նախաձեռնությանը, որը դեմ է հոր և որդու նկատմամբ այս աննախադեպ գործողություններին»,-ասաց նա և ավելացրեց, որ Շահեն Հարությունյանն ակնհայտորեն քաղբանտարկյալ է։


Րաֆֆի Հովհաննիսյանը բողոքի ակցիային երկար չէր կարող մնալ, քանի որ հանդիպումներ ունի Վանաձորում և Գյումրիում:


Ինչպես իրազեկեց Արթուր Սաքունցը՝ Շահենի դուրս գալուց հետո երթ են իրականացնելու դեպի Աբովյան փողոց:


Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։