Մենք բոլորս մի օր նշանակվում ենք, մի օր հրաժարական տալիս. Է. Շարմազանով

14:43 • 04.04.14

Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ի պատասխան Tert.am-ի հարցի, թե նա դեռևս 20 օր առաջ հայտարարում էր, որ թող սառը ջուր խմեն բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք վարչապետի հրաժարականից են խոսում, մինչդեռ երեկ հայտարարել է, թե վարչապետը մոտ մեկ ամիս առաջ է հրաժարականի դիմում ներկայացրել, և արդյոք այստեղ չկա՞ հակասություն, պատասխանեց. «Բայց դա ի՞նչ կապ ունի, վարչապետը կամավոր հրաժարական է ներկայացրել»:


Ի պատասխան հարցի, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան հանդիպմանը ի՞նչ է քննարկվել, ԱԺ փոխնախագահը հորդորեց հարցն ուղղել ԲՀԿ-ին:


Ինչ վերաբերում է վարչապետի հրաժարականին, ապա Էդուարդ Շարմազանովն ասաց. «Մենք բոլորս մի օր նշանակվում ենք, մի օր հրաժարական ենք տալիս»:


ՀՀԿ խոսնակը նշեց նաև, որ օրենքով սահմանված կարգով նոր վարչապետի նշանակման հարցի շուրջ բոլոր խորհրդարանական ուժերի հետ կանցկացվեն կոնսուլտացիաներ:


Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: