Ռուսաստանում 25 ուկրաինացի է ձերբակալվել՝ ահաբեկչությունների պատրաստման կասկածանքով
Ռուսաստանի տարածքում 25 ուկրաինացի է ձերբակալվել, այդ թվում «Պրավիյ սեկտոր» կազմակերպության երեք ակտիվիստ: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության հասարակության հետ կապերի կենտրոնից, գրում է lenta.ru-ն:
Բոլոր ձերբակալվածները կասկածվում են Ռուսաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև Կալմիկիայում և Թաթարստանում ահաբեկչությունների պատրաստման մեջ:
Ձերբակալվածները հարցաքննության ժամանակ հաստատել են, որ հրահանգներ են ստացել Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչներից Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական տեխնիկայի տեղաշարժումների վայրերի լուսանկարահանում անցկացնելու վերաբերյալ: Կասկածներ չառաջացնելու համար նրանք ներկայացել են մանկական լուսանկարչությամբ զբաղվող «Զապադ-Վոստոկ» ուկրաինական ընկերության աշխատակիցներ: Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության տվյալներով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն օգտագործում է այդ ընկերությունը Ռուսաստանի տարածքում հետախուզական տեղեկություններ հավաքելու համար:










