Դուք մեզ եք ջախջախել պրծել. տուժող կողմը՝ Վարդան Պետրոսյանին (ուղիղ միացում)
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց անցած տարվա հոկտեմբերի 20-ին Եղվարդի խճուղում դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով դատավարությունը։
Դատական նիստին ներկա չէին Վարդան Պետրոսյանի պաշտպանները, ովքեր հրավիրված են Ֆրանսիայից։ Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանն ասաց, որ տեղյակ է, թե ինչու իր պաշտպանները չեն ներկայացել դատական նիստին, և դեմ չէ, եթե առանց նրանց մասնակցության շարունակվի նիստը։ Կողմերը չառարկեցին և նիստը շարունակվեց։
Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը լրացրեց նախորդ դատական նիստում իր կողմից դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը։ «Դուք որևէ պատճառաբանություն չեք ներկայացնում, թե ինչու Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոփոխության չենթարկեցին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։
Դատավոր Վաղինակ Մկրտչյանն էլ ասաց, թե չի պատրաստվում պաշտպանի յուրօրինակ մեկնաբանություններին մեկ անգամ ևս անդրադառնալ, քանի որ նախորդ դատական նիստում արդեն անդրադարձել է դրանց։ «Հիմքը նույնն է, որ Դուք անաչառ դատավոր չեք»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ շարունակելով, թե իր մեկնաբանությունները յուրօրինակ չեն, դրանք ամբողջովին հիմնավորված են։
Վարդան Պետրոսյանն իր խոսքում ասաց, թե ինքը նախորդ դատական նիստում արդեն ներկայացրել է, թե ինչպես է եղել իր վերաբերյալ կալանքի որոշումը՝ շարունակելով, թե իր պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ջախջախել է մեղադրող դատախազի ու քննիչի պատճառաբանությունները։ «Դուք մեզ եք ջախջախել պրծել»,- տեղից ասաց տուժողի իրավահաջորդ Աննա Կարապետյանը։
Տուժող կողմի պաշտպան Ռուբեն Բալոյանն ասաց, թե առարկում է ամբաստանյալի պաշտպանական կողմի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, քանի որ, ըստ նրա, դատավոր Վաղինակ Մկրտչյանը ՀՀ դատավարության մասին օրենքի որևէ խախտում չի արել։
Ռուբեն Բալոյանն իր խոսքում ասաց նաև, թե բացի այն, որ ամբաստանյալի պաշտպանի միջնորդություններն անհիմն են դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ, նաև, ըստ նրա, դատավորն անցած նիստում արել է ավելին, քան պետք էր, այսինքն՝ թույլ է տվել ամբաստանյալին դիմել տուժող կողմի իրավահաջորդներին և իր խոսքն ասել։
Տուժող կողմը միացավ իր պաշտպանի ասածին և հայտարարեց, թե դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունն անհիմն է։ Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննելու համար։










