Երաժշտության ոլորտի հսկաները հայցեր են ներկայացրել «ВКонтакте»-ի դեմ
Երեք խոշոր միջազգային ձայնագրման ընկերություններ՝ Sony-ն, Universal-ը և Warner-ը, մեղադրել են «ВКонтакте» սոցիալական ցանցին հեղինակային իրավունքների «մեծամասշտաբ» խախտման համար: Այս երեք միջազգային հսկաներից յուրաքանչյուրը ռուսական ամենահայտնի սոցցանցի դեմ հայցով դիմել է դատարան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրանց գործողությունները համակարգում է Հնչյունագրեր արտադրողների միջազգային ֆեդերացիան (IFPI), որը պաշտոնապես ներկայացնում է այդ ընկերությունների շահերը ողջ աշխարհում:
«ВКонтакте»-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել նորությունը:
Ձայնագրման ընկերությունները մեղադրել են Եվրոպայում չափերով երկրորդ սոցիալական կայքին երաժշտական ստեղծագործությունների «հսկայական գրադարան» ստեղծելու համար, որոնց համար նրանք ոչ մի իրավունք չունեն. «ВКонтакте»-ն այդ երաժշտությունը որպես ծառայություն է առաջարկում իր օգտատերերին:
Երեք ընկերությունները մտադիր են հասնել Ռուսաստանում դատական որոշման ընդունման, որը կստիպի «ВКонтакте»-ին հեռացնել այդ ֆայլերը:
«Մենք պարբերաբար բարձրացրել ենք այդ հարցը։ Մենք առաջարկել ենք VK-ին դադարել խախտումները և բանակցություններ անցկացնել երաժշտական ընկերությունների հետ՝ օրինական ծառայություն բացելու համար: Մինչ այժմ ընկերությունը ոչ մի արդյունավետ քայլ չի ձեռնարկել խնդիրը լուծելու համար, այդ պատճառով գործը գնում է դատարան»,- ասել է IFPI ղեկավար Ֆրենսիս Մուրը:










