ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակությունը փորձելու է հասնել քեսաբահայության իրավունքները դատապարտող փաստաթղթի ընդունմանը

19:04 • 05.04.14


Ապրիլի 7-ին մեկնարկելիք՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի նիստում հայկական պատվիրակությունն ազատ դեբատների ՝ հայտարարությունների ժամին բարձրացնելու է քեսաբահայերի վիճակին առնչվող հարցեր, նաև՝ փորձելու է հասնել մարդու իրավունքների այս զանգվածային խախտումը դատապարտող փաստաթղթի ընդունմանը:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԵԽ ԽՎ –ում հայաստանյան պատվիրակության ոչ հիմնական կազմի անդամ Նաիրա Կարապետյանը, ով հերթագրված է հայտարարության համար:

 


«Ես անձամբ Քեսաբի հարցը ներկայացնելու եմ որպես ականատես ու կոչ եմ անելու միջազգային հանրությանը՝ արձագանքել կատարվածին»,-ասաց Նաիրա Կարապետյանը՝ հավելելով, որ ներկայացնելու է ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Լևոն Մարտիրոսյանի, Արման Սահակյանի, Էդմոն Մարուքյանի հետ Սիրիա կատարած փաստահավաք առաքելությունից ստացված տպավորություններ ու փաստեր:

 


Ի պատասխան հարցի, թե նախնական պայմանավորվածություններ ունե՞ն կամ ակնկալու՞մ են եվրոպացի պատգամավորների ինչ-որ շրջանակի աջակցությունն այս հարցում, Նաիրա Կարապետյանը ասաց. «Քանի որ այն, ինչ տեղի ունեցավ Քեսաբում, մարդկության դեմ ուղղված քայլ է և ուղեկցվել է մարդու իրավունքների զանգվածային խախտումներով, կարծում ենք, որ շատերը կմիանան Քեսաբի դեպքերը դատապարտող փաստաթղթին»:

 


Հիշեցնենք, որ ԵԽԽՎ այս նիստին նախատեսված է նաև ուկրաինական ազգային պատվիրակության ջանքերով հրատապ ճանաչված՝ ՌԴ պատվիրակությանը ձայնից զրկելու մասին հարցի քննարկումը:


Tert.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանը դեմ են քվեարկելու Ուկրիաինայի առաջարկած սանկցիաներին:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության հիմնական կազմի ոչ իշխանական անդամները՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչները, չեն մասնակցելու քվեարկությանը: