Փաստաբաններն ու ոստիկանները մրցել են...շախմատով. հաղթել են ոստիկանները
Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր՝ ապրիլի 5-ին, կազմակերպվել է ընկերական մրցաշար ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատանի նախագահի արտաքին կապերի գծով խորհրդական, պալատի մարզամշակութային ակումբի նախագահ Վրեժ Խաչիկյանը, ՀՀ շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը և ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից՝ խաղը վարել է միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանը: Մրցակիցները մրցել են շերենինգենյան ոճով:
Յուրաքանչյուր կողմից ներկայացվել են վեցական ներկայացուցիչներ: ՀՀ ոստիկանության թիմը 19,5 -16,5 հաշվով հաղթել է ՀՀ փաստաբանների թիմին: Անհատական մրցապայքարում լավագույն խաղացողներ են ճանաչվել փաստաբանների թիմից Արմեն Վարդանյանը, իսկ ոստիկաններից՝ Դերենիկ Ուզունյանը:










