ԱՄՆ-ն սիրիացի զինյալներին զենք մատակարարելու նոր պլան է մշակում. ԶԼՄ-ներ

11:35 • 05.04.14

ԱՄՆ իշխանությունները Սիրիայում զինյալներին աջակցությունն ընդլայնելու պլան են նախապատրաստում՝ վերջին ժամանակներում նրանց ակտիվացման լուրերի ֆոնին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ Reuters-ին հղումով։

 

Սիրիայում, որտեղ ՄԱԿ-ի տվյալներով վերջին 3 տարիների ընթացքում 130 հազար մարդ է զոհվել, վերջին օրերին կտրուկ սրվել են կառավարական ուժերի և անօրինական զինյալ խմբավորումների միջև բախումները։

 

Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, տպավորություն է, որ ծայրահեղականների գործողությունների ակտիվացումն ուղղված է սիրիական բանակցությունները թույլ չտալուն և Սիրիայից քիմիական զենքի դուրսբերմանը խոչընդոտելուն։

 

Reuters-ի` ամերիկյան աղբյուրները տեղեկացնում են, որ պլանը ենթադրում է վերապատրաստման առաքելության ընդլայնում, նաև Հորդանանի տարածքում՝ Սիրիայի սահմանին հիմնավորված խմբավորումների զինյալներին զենքի մատակարարում։ Նշվում է նաև, որ Սիրիա զենիթահրթիռային համակարգերի կամ հակատանկային զենքերի մատակարարում չի նախատեսվում։