Անվտանգ ճանապարհ դեպի Տավուշ. Վազաշեն-Պառավաքար ճանապարհը պատրաստ կլինի հունիսին

14:42 • 05.04.14

Քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելու նպատակով սահմանամերձ Տավուշում կառուցվող Վազաշեն-Պառավաքար ճանապարհը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա հունիսի երեսունին:

 


Աշխատանքային այցով մարզում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ծանոթացավ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին:

 


Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հաստատության տնօրեն Ալեքսանդր Բախտամյանը, միջանցիկ այս ճանապարհի երկարությունը կկազմի 3 կմ 188 մետր: «Հողային պաստառը գրեթե ամբողջությամբ պատրաստ է, բացառությամբ 270 մետր միջանկյալ հատվածի: Նախատեսվում է կառուցել 11 օձագալար, որից 10-ն արդեն պատրաստ է: Ներկայումս ճանապարհաշինարարի կողմից կատարվում են հողային պաստառի վերջնական նախապատրաստական աշխատանքները, որից հետո կկառուցվի ճանապարհի պատվածքը՝ հիմքը և ասֆալտբետոնե ծածկը»,- ասաց նա:

 


Վերջինս նաև ընդգծեց, որ այս ճանապարհով առաջին հերթին լուծվում է անվտանգության խնդիրը. «Նախկին ճանապարհը որոշ հատվածներում դիտարկվում էր հակառակորդի կողմից և վտանգավոր էր: Կառուցվող ճանապարհն ամբողջությամբ անվտանգ կլինի, քանի որ կառուցվելու են անվտանգության պատնեշներ»:

 


Սերժ Սարգսյանն այցելեց նաև Պառավաքար գյուղ, որտեղ մասնակցեց զոհված ազատամարտիկներին նվիրված խաչքարի բացմանը և ծաղիկներ դրեց հուշաքարի մոտ: Հուշաքարի մոտ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գերատեսչական պարգևներ հանձնեց զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին և մի շարք ազատամարտիկների: