Մեր վերնախավը գրեթե հիմնովին պետք է փոխվի. Հարություն Մեսրոբյան

14:58 • 06.04.14

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին, ասաց, թե խնդիրը անձի փոփոխության մեջ չէ: Նրա համոզմամբ՝ Հայաստանը խնդիր ունի իր վերնախավը գրեթե հիմնովին փոխելու: «Այն վերնախավը, որ մենք տեսնում ենք, իրականության մեջ պետականաշինության հարցում անհաջողակների ակումբ է»,-ասում է կառավարման փորձագետը:


- Պարո՛ն Մեսրոբյան, վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ շատերի համար անակնկալ հրաժարականը, ըստ Ձեզ, ի՞նչ էր նշանակում:


- Դուք հարցի պատասխանը տվեցիք. անսպասելիությունն էր: Եթե կառավարման իմաստով ասեմ՝ անսպասելիությունը միշտ բերում է նրան, որ ակտիվ ճամբարներում տեղի են ունենում շատ նյարդային վերադասավորումներ: Անսպասելի քայլերը միշտ կտրում են գործընթացի տրամաբանությունը: Անսպասելի քայլերը հենց այդ նպատակն են հետապնդում:


- Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի համագործակցման հիմքում նաև Կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջն էր: Հիմա, երբ ամեն ինչ այսպես ստացվեց, ի՞նչ է լինելու:


- Դա տրամաբանության խնդիր է, տրամաբանությունը պետք է փոխել: Ճիշտն ասած, ես չէի հասկանում վարչապետ փոխելու՝ դրած նպատակը: Կառավարման տեսանկյունից ես դրա իմաստը չեմ տեսնում: Մենք պետության կառավարման խնդիր ունենք. մեզ մոտ առանձին անձերի խնդիր չկա այս պետական կառավարման համակարգի ներքո: Մենք համակարգի խնդիր ունենք, որը շատ սխալ հիմնադրվեց 1991 թվականից, երբ քայլ առ քայլ սկսեց ձևավորվել օլիգարխիկ պետություն: Օլիգարխիկ պետությունը չի թողնի որևէ անձի, նույնիսկ առանձին վերցրած կառույցին որևէ լուրջ առաջընթաց ունենալ, քանի որ օլիգարխիկ պետությունն ամենահետամնաց պետությունն է: Այսինքն, անձի կամ նույնիսկ առանձին կառույցի խնդիր ես չեմ տեսնում: Մենք նաև խնդիր ունենք մեր վերնախավը գրեթե հիմնովին փոխելու: Այն վերնախավը, որ մենք տեսնում ենք, իրականության մեջ պետականաշինության հարցում անհաջողակների ակումբ է: Ով ինչ ուզում է ասի, ամենամեծ փաստն այն է, որ 1991 թվականից սկսած մենք չենք կարող մատնանշել մի ժամանակահատված, գումարած այսօրվա վիճակը, թե տվյալ պահին մենք ունեցել էինք քչից-շատից որակյալ պետական կառավարում: Նման ժամանակահատված մենք չունենք: Այս վերնախավն ունակ չէ որակյալ պետություն ստեղծել: Դա կոչվում է կառավարման բացասական փորձ:


- Այսինքն, այսօրվա Կառավարության հրաժարականի պահանջը ներկայացնողներից շատերը դեռևս այն տարիներին կարող էին իրավիճակ փոխել, սակայն չեն արել: Այդպե՞ս է:


- Ես քաղաքական գործիչ չեմ, հետևաբար կպատասխանեմ իմ մասնագիտության տեսանկյունից: Շան գլուխը թաղված է 1991 թվականի մեջ: Այդ տարի երկու կոպտագույն սխալ արվեց, և դա ոչ միայն արձագանքում է այս օրերին, այլ նաև շարունակական է եղել և վերարտադրվել է այս 23 տարիների ամեն մի հատվածում: Առաջին սխալն այն է, որ խորհրդային պետական կառավարման համակարգը փորձվել է ադապտացնել նոր պայմաններին: Նման մոտեցում միշտ անում են կարճ ժամանակում, որից հետո կառավարման մեջ տալիս են որակական փոփոխություն: Չի կարելի ամեն անգամ կարկատելով այլ համակարգի համար նախատեսված կառավարման համակարգը փորձել տեղադրել նոր իրավիճակում: Դա անհնարին բան է և աշխարհում ոչ մեկին չի հաջողվել:


Երկրորդ սխալը եղել է այն, որ սկսվեց կադրերի շատ անհաջող ընտրասերում: Ընտրասերման իմաստը հետևյալն էր՝ դու մեզ հետ ես, քեզ տալիս ենք պաշտոն: Այն ժամանակ պետական կառավարման համակարգից դուրս եկան բավական շատ պրոֆեսիոնալներ, միայն այն բանի համար, որ կոմունիստներ էին: Մենք Հայաստանում չենք գնահատում պրոֆեսիոնալներին: Այ դա է ցավը: Կան կառավարման համակարգեր որտեղ ներարկված է դրական ընտրասերումը: Հայաստանում 1991 թվականից հետո սկսեց արմատավորվել բացասական ընտրասերումը: Իսկ նման պայմաններում պրոֆեսիոնալը երկար չի դիմանա:


- Եկող վարչապետն, ըստ Ձեզ, ի՞նչ պետք է անի, որ երկրում եղած դժգոհությունները գոնե մասամբ վերանան:


- Պետք է հարմարվի: Այս կառավարման համակարգում ավելի բան վարչապետից մի սպասեք: Ուրիշ տարբերակ չկա: Պատկերացրեք, թե՛ սուպեր պրոֆեսիոնալը եկավ Կառավարության գլխին և հավաքեց սուպեր պրոֆեսիոնալների թիմ: Առաջին խոչընդոտը, ինչին իրենք դեմ են առնելու՝ օլիգարխիկ համակարգն է: Սա նշանակում է, որ Կառավարությունը պետք է դուրս գա տարբեր աստիճանի սրությամբ օլիգարխիկ համակարգի դեմ: Իսկ ի՞նչ է նշանակում օլիգարխ. օլիգարխը նա է, ով ունի բիզնես և սերտաճած է պետական կառավարման համակարգի հետ: Այդ դեպքում կսկսվի պատերազմ, և, ամենայն հավանականությամբ, Կառավարությունը կպարտվի: Ստացվում է, որ ինչ ուզում են անեն, իրենք պետք է հարմարվեն: Իսկ հենց տվյալ իրավիճակում սկսվեց հարմարման մոտեցումը, նշանակում է, որ մենք կպահպանենք օլիգարխիկ կառավարման համակարգը, որ Հայաստանին երբեք չի թողնի զարգանալ և, որպես հետևանք, չի ստացվի, ըստ էության, վերացնել երկրում եղած դժգոհությունների պատճառները:


- Ընդդիմադիր դաշտից հաճախ են տեսակետներ հնչում, թե՛ վարչապետի հրաժարականը Սահմանադրական դատարանի հայտնի որոշման հետ էր կապված, քանի որ այդ ոլորտում ձախողում արձանագրվեց: Դուք ի՞նչ եք կարծում:

-Հայաստանում ամենուրեք ստեղծվել է իրարամերժ, խառնաշփոթ իրավիճակ, որովհետև այս կառավարման համակարգն արդեն սպառվում է: Տարբեր երևույթներ կաթիլ-կաթիլ նպաստել են այս իրավիճակին: Առանձին վերցրած ոչ մի գործոն ուղղակի ուժեղ ազդեցություն չի ունեցել վարչապետի հրաժարականի հարցում. կառավարման իմաստով ուղղակի թասը լցվել է: Եվ Սահմանադրական դատարանի կիսահասկանալի որոշումն էլ կաթիլներից մեկն էր: Պետք է չմոռանալ, որ այստեղ կա և՛ Մաքսային միություն-Եվրամիություն, և՛ տարատեսակ կիսահաջող և անհաջող բարեփոխումներ, և՛ քրեաօլիգարխիկ համակարգի ջղայնությունն այս իրավիճակից: Գործոններն այնքան շատ են, որ չկա մեկը, որ կոնկրետ մատնանշենք ու ասենք, թե՛ սա 50 տոկոսով նպաստել է Կառավարության հրաժարականին: Ոչ իշխանական դաշտում գտնվողները, պարզ է, որ պետք է ասեն, թե՛ դա իրենց գործողությունների շնորհիվ է տեղի ունեցել:


- Որպես կառավարման փորձագետ, ի՞նչ եք կարծում, ո՞րն է ստեղծված իրավիճակից ճիշտ ելքը:


- Եթե մենք ուզում ենք ունենալ հզոր, ագրեսիվ զարգացող պետություն, իսկ Հայաստանը պետք է այդպիսին լինի, ուրեմն մի քանի գլոբալ խոչընդոտների դեմը պետք է առնել: Պետական կառավարման համակարգը՝ որպես համակարգ, սկզբունքորեն պետք է հիմնովին փոխել: Ձևավորված վերնախավը ճնշող մեծամասնությամբ պետք է կողք քաշվի: Պետք է հստակ ձևավորվի դրական ընտրասերում՝ ոչ թե՛ քաղաքական նախապատվություններով, քավոր-սանիկ բարեկամներով, այլ բոլորս մեր գիտակցության մեջ սերմանենք, որ պետք է կառավարեն միայն պրոֆեսիոնալները: Մենք նաև ուղղակի պետք է ոչնչացնենք օլիգարխիկ համակարգը: Եթե նման մոտեցումներով սկսենք շարժվել, անկախ մեզանից էլ իրավիճակը կսկսի փոխվել: Հերիք է թվարկված այս սկզբունքներից մեկը չանենք, ապա այդ մեկը կծնի մնացած արատները: