Եթե տրանսպորտը թանկացնեն՝ նախորդ անգամվանից ավելի բուռն ընդվզում կլինի. ակտիվիստ
Ակտիվիստ, «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամ Կարեն Հարությունյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքային տրանսպորտի հնարավոր թանկացմանը, ասաց, թե համոզված է, որ եթե այդպիսի բան լինի, ընդվզումն ավելի մեծ կլինի, քան նախորդ անգամ էր:
«Համոզված եմ, որ ընդվզում կլինի, շատ ավելի մեծ կլինի, և գործիքակազմն էլ ավելի լայն կլինի: Նրանք մեզ արդեն ձեռ են անում, ժողովուրդը փորձադաշտ չի, մի անգամ փորձեցին, հիմա նորից նույնն են անում: Դրա համար խորհուրդ չէի տա»,-ասաց Կարեն Հարությունյանը:
Նշենք, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետարանում տեղի էր ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը ներկայացրել էր Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքի իր կատարած ուսումնասիրությունը, որը հիմնված է սոցիոլոգիական հարցումների վրա և հանգել է եզրակացության, թե Երևանում տրանսպորտը չի կարող շահագործվել 100 դրամ ուղեվարձով:
«Հանձնաժողովն, ի սկզբանե, իրենց մարդկանցով է ձևավորվել: Այդ անկախ սոցիոլոգիական ինստիտուտը, որ հետազոտություններ է արել, դա էլ է կասկածելի»,-ասաց ակտիվիստը՝ շարունակելով, թե իրենք համոզված են, որ հրապարակված արդյունքներն այն էին, ինչը հանձնաժողովն ուզում էր հիմնավորել:
«Որ ընդվզում կլինի՝ չեմ էլ կասկածում, մանավանդ այդ ժամանակաշրջանում երբ ցանկացած անարդար որոշում ընդվզում է առաջացնում: Սա ուղղակի նախապատրաստում է, չեմ կարծում՝ թե հիմա թանկացնեն»,- ասաց նա:
Նշենք, որ Tert.am-ի հետ զրույցում փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն ասել էր, թե ովքեր վճարունակ են, կստանան ծառայություն, ովքեր ոչ՝ «ոտքով կգնան»: «Հո ամեն օր խավիար չե՞ն ուտում»,- ասել էր նա:
Արձագանքելով այս խոսքին, Կարեն Հարությունյանն ասաց. «Եթե այդ տրամաբանությունն է, ուրեմն՝ գնանք բոլորս մեռնենք: Հանձնաժողովը նրա համար է, որ կարգավորի այդ հարցերը: Եթե չեն կարգավորելու, թող գնան, և գան այն մարդիկ, ովքեր որ կարգավորելու են: Դա աբսուրդ բան է»:
Դիտարկմանը, որ Հրանտ Եղիազարյանն ասել է, թե երբ տրանսպորտի գինը 150 դրամ էր, քաղաքացիները նորմալ վճարում էին, մինչև որ ակտիվիստներն աղմուկ չբարձրացրեցին, քաղաքացիական ակտիվիստը պատասխանեց. «Մի կոպիտ անեկդոտ կա, կպատմեի, եթե շատ կոպիտ չլիներ: Մարդիկ ստիպված են վճարում, եթե այլընտրանք ունենային՝ հաստատ չէին վճարի: Սկզբում ամաչում էին չվճարել, բայց հետո հասկացան, թե ամոթը ո՞րն է, մեր կաշին են քերթում, իսկ մենք ամոթի մասին ենք մտածում»:










