Բրիտանացիները տարեկան 15 մլն տոննա սննդամթերք են դեն նետում

19:49 • 06.04.14

Մեծ Բրիտանիայի բնակիչները տարեկան 15 մլն տոննա սննդամթերք են նետում աղբամանը: Բրիտանիայի խորհրդարանի անդամները կոչ են անում երկրի կառավարությանը՝ «անհապաղ զբաղվել այս խնդրի լուծմամբ»:


Ինչպես գրում է Russia Today-ը` բրիտանացի պատգամավորների տվյալներով` Եվրամիության ողջ տարածքում տարեկան շուրջ 90 մլն տոննա սննդամթերք են դեն նետում, ինչը միլիարդավոր դոլարների վնաս է հասցնում տնտեսությանը, ինչպես նաև՝ բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա:


«Սննդամթերքի ոչ արդյունավետ օգտագործումը լուրջ խնդիր է: Տարեկան բոլոր զարգացած երկրներում 222 մլն տոննա սնունդ է նետվում աղբամանը, այսինքն՝ այնքան, ինչքան մոտավորապես արտադրվում է Աֆրիկայում», - ընդգծել է ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոզալինդա Սքոթը:


Անդրադառնալով այս հարցին` վերջինս նշել է, որ մոտ ապագայում կառավարությունը պետք է այս խնդրի դեմ պայքարելու հստակ ռազմավարություն ներկայացնի: