Ուկրաինայի քաղաքներում ռուսամետների ցույցեր են
Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ռուսական կողմնորոշում ունեցողների հանրահավաքին եկածները մուտք են գործել Դոնեցկի շրջանային ադմինիստրացիայի շենք: Այս մասին հայտնում է Ազատության ռուսալեզու ծառայությունը: Ըստ որոշ տվյալների՝ այնտեղ նրանք պարզել են ՌԴ-ի դրոշը:
Հանրահավաքի ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ: Դոնեցկի Լենինի հրապարակում մոտ 2000 մարդ է հավաքվել: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Բերկուտի հատուկջոկատայիններին, որոնք այժմ ձերբակալված են ուկրաինացի իրավապահների կողմից:
Լուգանսկ քաղաքում ցուցարարները գրոհով վերցրել են Անվտանգության ծառայության վարչության շենքը: Այնտեղ ևս բախումներ են տեղի ունեցել, ցուցարարները աղյուսներ և ծխագլանակներ են կիրառել:
Երկու ցույց էլ տեղի է ունենում Խարկովի Ազատության հրապարակում: Ցուցարարները պահանջում են Ուկրաինայի դաշնայնականացումը:
Այսօր Խարկովում՝ Տարաս Շևչենկոյի արձանի մոտ, Եվրամայդանի ցույց էր տեղի ունեցել, որի ժամանակ դատապարտվել էր ռուսաստանցի քաղաքական գործիչների ագրեսիվ քաղաքականությունը:










