2000–ից ի վեր իսրայելական ուժերի կողմից 1,500-ից ավելի պաղեստինցի երեխա է սպանվել

12:39 • 06.04.14

2000 թվականից ի վեր 1,500-ից ավելի պաղեստինցի երեխա է սպանվել իսրայելական ուժերի կողմից, այս մասին հայտարարել է Պաղեստինի ազգային վարչության սոցիալական հարցերի նախարար Քամալ Շարաֆին շաբաթ՝ Պաղեստինցի երեխաների օրը, հաղորդում է Russia Today-ը:


Սպանված 1,520 երեխաներից բացի ևս 6000-ը վիրավորվել է և 10,000-ից ավելին ձերբակալվել: Երկու հարյուր երեխա դեռ կալանքի տակ է իսրայելական բանտերում:


Միջազգային հանրությունը քննադատել է Իսրայելին պաղեստինցի երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի համար: 2013 թվականի մարտին, UNICEF-ը զեկույց է հրապարակել, որտեղ ասվում է, որ Իսրայելի զինվորականների կողմից ձերբակալված պաղեստինցի երեխաներին վատ են վերաբերվում, ինչը միջազգային իրավունքի խախտում է:


Ըստ UNICEF-ի տվյալների՝ ամեն տարի, 12-ից 17 տարեկան մոտ 700 պաղեստինցի երեխա, հիմնականում տղաներ, ձերբակալվում է, հարցաքննվում և կալանքի տակ պահվում Իսրայելի բանակի և ոստիկանության կողմից: