Հրայր Թովմասյանը և ԱՆ աշխատակիցներն արյուն հանձնեցին (տեսանյութ)

12:36 • 07.04.14

ՀՀ արդարադատության նախարարության և քրեակատարողական հիմնարկների բազմաթիվ աշխատակիցներ նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի գլխավորությամբ այսօր Երևանի արյունաբանական կլինիկայում արյան դոնոր դարձան:


Արդեն երրորդ անգամ արյուն հանձնեց Հրայր Թովմասյանը՝ օրինակ ծառայելով մյուսներին:


«Այս անգամ առիթ չկար, 2000 թվականին կամավոր դոնորության ընդամենը հինգ, վեց հազար դեպք ենք ունեցել, հիմա դա հասել է 15 000-ի, իսկ Հայաստանն ունի 60-70 հազար դոնորության կարիք»,– լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանը:


«Սա ուղղակի մարդասիրական քայլ է, ինչու չէ նաև առողջ ապրելակերպի գրավական: Սա քայլ է ցույց տալու, որ այդքան արյուն հանձնելն առողջությանը չի վնասելու, և այդ քայլով դու կարող ես օգնել ինչ-որ մեկին»,- ավելացրեց նա:


Վերջինիս խոսքով՝ համակարգում ընդամենը մեկ-երկու օր առաջ են որոշել, որ պետք է նման բան անեն, սկզբում մտածում էին, որ 30-40 հոգի կլինեն, բայց ինչպես նա նշեց, բազմաթիվ մարդիկ են ցանկություն հայտնել կամավոր դոնոր դառնալ:


Նշենք, որ արյան դոնորության համար առողջության հետ խնդիրներ չպետք է լինեն:


«Ես արդեն 43 տարի է չեմ ծխում, իսկ ալկոհոլ նախարար դառնալուց հետո մի փոքր սկսել եմ օգտագործել, ասել էին, որ երեկվանից սկսած ալկոհոլ չօգտագործել, ամեն ինչ արել եմ, որ հանկարծ այնպես չլինի, որ չհամապատասխանեմ դոնորությանը: Ես շատ կնեղվեի, որ հանկարծ չհամապատասխանեի կամավոր դոնոր լինելուն»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:


Արյուն հանձնելուց հետ Հրայր Թովմասյանը նաև օգտվեց կլինիկայի ճաշարանից: Կառավարության որոշմամբ նախատեսված է արյուն հանձնելուց հետո դոնորին սնունդով ապահովել: