Այնպիսի կին վարորդ կա, ում նույնիսկ՝ ֆեդերացիայի անդամ շատ տղամարդիկ կարող են նախանձել. ՀԱՖ նախագահ

21:39 • 07.04.14

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի (ՀԱՖ) նախագահ Գագիկ Աղաջանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ֆեդերացիայում այնպիսի կին վարորդ կա, ում նույնիսկ՝ ֆեդերացիայի անդամ շատ տղամարդիկ կարող են նախանձել:

 

«Միևնույն ժամանակ՝ ունենք այնպիսի կին վարորդներ, որոնց թվում է, թե շատ լավ են վարում, բայց հենց դնում ես էքստրեմալ իրավիճակում, շփոթվում են»,-ասաց ՀԱՖ նախագահը:

 

Վերջինս տեղեկացրեց, որ ֆեդերացիայի կին անդամները շատ են, բայց սպորտային արտոնագիր ունեցող կին վարորդների թիվը սահմանափակ է՝ 17 հոգի:


«Մենք կանանց ձևավոր վարման առաջնություն էինք կազմակերպել, կանայք զարմանալի հմտությամբ էին կարողանում կատարել իրենց առջև դրված խնդիրները և հաղթահարել արգելքները»,-ասաց Գագիկ Աղաջանյանը՝ ավելացնելով, որ ընդհանուր առմամբ՝ այսօր կին վարորդներն իրենց ունակություններով զիջում են տղամարդկանց:

 

«Միաժամանակ՝ պետք է փաստենք, որ կանայք ավելի կենտրոնացած են մեքենայի ղեկին: Ինքնավստահությունը շատ հաճախ տղամարդկանց մոտ հակառակ արդյունքն է ունենում»,-ասաց նա:


Գագիկ Աղաջանյանի խոսքով՝ միջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց մասնակցությամբ վթարների քանակն ուղիղ համեմատական է տղամարդկանց մասնակցությամբ վթարների քանակին:

 

«Սա շատ դեպքերում պայմանավորված չէ նրանով, որ կանայք հմուտ վարորդներ են, այլ նրանով, որ կանայք ավելի զգուշավոր են և դանդաղաշարժ: Եթե դիտարկենք տղամարդկանց մասնակցությամբ վթարների տոկոսային հարաբերակցությունը, հիմնականում արագության գերազանցումն է լինում վթարների պատճառը»,-տեղեկացրեց ՀԱՖ նախագահը: