Ավստրալական նավը հնարավոր է՝ որսացել է անհետացած օդանավի «սև արկղից» ստացվող ազդակները
Ավստրալիայի ռազմածովային ուժերին պատկանող նավերից մեկին հաջողվել է որսալ նոր ազդակներ, որոնք շատ նման են անհետացած Boeing 777 ինքնաթիռի «սև արկղից» եկող ազդակներին։ Ինչպես հայտնում է Газета-ն, այս մասին տեղեկացրել է Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար Անգուս Հյուսթոնը։
Նա ընդգծել է, որ ներկայում հավաքված տեղեկությունը բավարար չէ հստակ հայտարարություններ անելու համար։ Ուստի հավելյալ ժամանակ կպահանջվի ավելի կոնկրետ բան ասելու համար։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անհետացումից հետո կարող էր միտումնավոր կերպով խուսափել ռադիոտեղորոշիչ կայաններից։
Հիշեցնենք, որ Մալայզիայի մայրաքաղաքից Պեկին ուղևորվող Boeing 777-ը, որում եղել է 237 մարդ, անհետացել է մարտի 8-ին՝ Վիետնամի օդային տարածքում։ Մալայզիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ այն կործանվել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում, սակայն օդանավի բեկորներն առայսօր չեն հայտնաբերվել։










