National Geographic-ը 30 հազար եվրո պարգևավճար է հատկացրել Հայաստանում կովկասյան ընձառյուծի պահպանման ծրագրին

22:23 • 07.04.14

Վայրի բնության և մշակութային արժեքների հայկական հիմնադրամի (Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets) ներկայացրած ծրագիրը՝ ուղղված կովկասյան ընձառյուծի պոպուլյացիայի և նրա բնակմիջավայրի պահպանմանը, արժանացել է գերմանական National Geographic-ի միջազգային մրցանակին:


Ինչպես հաղորդվում է FPWC-ի կայքում՝ Բնության պաշպանության եվրոպական բաց ասոցիացիայի (EOCA) կողմից կազմակերպված առցանց քվեարկության արդյունքում ծրագիրը հայտնվել է լավագույն վեցնյակում՝ շահելով 30 000 եվրո պարգևավճար: Մարտի երկրորդ կեսին Ընձառյուծների պաշտպանությանն ուղղված ծրագիրն ստացել է 7238 ձայն, որը կազմում է ընդհանուր 21 179 ձայների 34 տոկոսը:


Վայրի բնության և մշակութային արժեքների հայկական հիմնադրամն այդ գումարը կուղղի Կովկասյան կենսաբազմազանության արգելոցում ընձառյուծի համար անհրաժեշտ բնակմիջավայրի ընդլայնմանն ու ծառատունկերի իրականացմանը:


Կովկասյան ընձառյուծը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում (IUCN Red List) գրանցված է որպես վտանգված ենթատեսակ: Ընդհանուր առմամբ՝ գրանցված է 1300 պոպուլյացիա, որոնցից Հայաստանում բնակվում է 15 կենդանի: