Ղրիմում Ուկրաինայի զինված ուժերի մայոր է սպանվել. Ուկրաինայի ՆԳՆ
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ղրիմի Նովոֆյոդորովկա գյուղում ուկրաինացի զինվորականի սպանության մասին տեղեկությունը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Ինչպես ասված է նախարարության հաղորդագրության մեջ, «ապրիլի 6-ին Նովոֆյոդորովկայի սպաների հանրակացարանում AK-74 ինքնաձիգից երկու կրակոցով ՌԴ Սևծովյան նավատորմի ծովային հետևակի առանձին գումարտակի զինծառայողը սպանել է ուկրաինացի մայորի»:
Նախնական տվյալներով՝ փամփուշտներից մեկը դիպել է ուկրաինացի սպայի կրծքին, երկրորդը՝ աչքի շրջանում:
Նախարարությունում նաև հաստատել են տեղեկությունը, որ սպանվածի ընկերը՝ Ուկրաինայի զինված ուժերի զորամասի շտաբի օպերատիվ բաժնի սպան, դաժան ծեծի է ենթարկվել և ձերբակալվել է ՌԴ զինվորների կողմից և այժմ ՌԴ Սևծովյան նավատորմի քննչական բաժնում է:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ կան ականատեսներ, որոնք պնդում են, որ սպանության ժամանակ հանրակացարանի միջանցքներում հնչել են պայթյուններ և կրակոցներ:
Ռուսական gazeta.ru-ի փոխանցմամբ՝ մայորը սպանվել է Ղրիմում ռուսական զորամասի հսկիչ անցագրային կետի վրա հարձակման ժամանակ. մարմնական վնասվածքներ ստացած ռուս զինվորականը, պաշտպանվելով, զենք է կիրառել և կրակել մայորի վրա:










