Ֆիլիպինյան ոստիկանությունն իտալացի դիվանագետին մեղադրում է երեխաների առևտրով զբաղվելու համար

14:07 • 07.04.14

Ֆիլիպինների ոստիկանությունը Թուրքմենստանում Իտալիայի դեսպան Դանիել Բոզիոյին մեղադրանքներ է ներկայացրել՝ անչափահասների պաշտպանության մասին օրենքի խախտման համար, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Քննության տվյալներով՝ 46-ամյա Բոզիոն, ով անցկացրել է իր արձակուրդը Ֆիլիպիններում, ներգրավված է երեխաների առևտրի մեջ: Ինքը՝ դիվանագետը, այդ մեղադրանքները հերքում է:


Իտալացուն ձերբակալել են շաբաթ օրը՝ ապրիլի 5-ին, Լագունա շրջանում: Դիվանագետը 9-ից 12 տարեկան երեք անօթևան երեխաների հետ է եղել:

 

Ընդ որում՝ հայտնի չէ՝ որտեղ են ձերբակալել Բոզիոյին, նշում է La Stampa-ն: Տարբեր տվյալներով՝ դիվանագետը գտնվել է կամ իր վարձակալած բնակարանում, կամ իր հյուրանոցային համարում, կամ մանկական հրապարակում: