Իտալիայում դատախազը 10 տարվա ազատազրկում է պահանջում Դեդ Հասանի սպանության մեջ կասկածվողի համար
Լուսանկարում՝ Մերաբ Ջանգվելաձեն
Իտալական Բարի քաղաքում ապրիլի 7-ին սկսվել է Եվրոպայում «ռուսական մաֆիայի» առաջնորդների դատը, մասնավորապես՝ ազդեցիկ «օրենքով գող» Մերաբ Ջանգվելաձեի։ Նրանք մեղադրվում են հանցավոր խմբավորման ստեղծման և փողերի լվացման համար, հայտնում է rosbalt.ru-ն։
Ինչպես նշել է իրավապահ մարմինների աղբյուրը, դատարանի առաջ է կանգնել 9 «օրենքով գող», այդ թվում՝ Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկի), Բեսիկ Կուպրաշվիլին (Բեսո) և Թեմուր Նեմսիցվերիձեն (Ցրիպա)։ Նրանք մեղադրվում են անդրազգային հանցավոր խմբավորման ստեղծման, կողոպուտների, դրամաշորթությունների, փողերի լվացման և կեղծ փաստաթղթերի օգտագործման համար։
Դատախազը խնդրել է «օրենքով գողերին» ազատազրկել 4-10 տարով։ Օրինակ՝ Ջանգվելաձեի համար նա պահանջել է 10 տարվա ազատազրկում։
Հանցագործներին ոստիկանությունը հետևել է 2012թ. սկզբից՝ ձայնագրելով նրանց հեռախոսազրույցները։ Խոսակցությունների ժամանակ նրանք, մասնավորապես՝ Ջանգվելաձեն, քննարկել են «օրենքով գող» Ասլան Ուսոյանին (Դեդ Հասան) չեզոքացնելու պլանը, ով սպանվել է Մոսկվայում 2013թ. հունվարին։
«Քրեական գեներալները» ձերբակալվել էին 2013թ. ամռանն Իտալիայի և Եվրոպոլի համատեղ գործողությունների ընթացքում։










