Արդարադատության նախարարության աշխատակիցների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու առթիվ գերատեսչությունը հանդես է եկել պարզաբանմամբ
Հիմք ընդունելով քաղաքացի Արման Գասպարյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումը, որը վերահասցեագրվել է ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման և ՀՀ ԱՆ ՔԿՎ հատուկ նշանակության բաժիններում: Այս մասին ասվում է Արդարադատության նախարարության պարզաբանման մեջ՝ ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրության, որում նշվում էր, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծել և հայհոյել են ՀՀ քաղաքացու։ Օմբուդսմենը կից հրապարակել էր նաև ձայնագրությունը։
Այս կապակցությամբ Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ ծառայողական քննության ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային բաժնի Կենտրոն և Նորք բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանի և հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանի լիազորությունները:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը հետամուտ է լինելու գործի քննությանը, արդյունքում ձեռք բերված ապացույցների հիմնավորման դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ:










