Սահմանամերձ տարածքների խնդիրներն այնքան շատ են, որ ամբողջ Հայաստանը գիտի. պառավաքարցի
Սահմանամերձ համայնքների խնդիրներն այնքան շատ են, որ ամբողջ Հայաստանը դրանց մասին գիտի: Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Պառավաքար համայնքի բնակիչ Հովսեփ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ իրենց ընդամենը՝ մեկ պահանջի բավարարման դեպքում սահմանամերձ բոլոր համայնքներում շատ խնդիրներ կարող են լուծվել:
«Թող սահմանամերձ գոտում հարկե´րը հանեն, հարկե´րը: Մենք սյս տարածքների պաշտպաններն ու պահապաններն ենք, այդքանը որ Նախագահը անի, մենք շատ բան կանենք մեր ուժերով: Մենք տանջվում ենք դաշտերում, հետո ստացված գումարը տալիս պետությանը, բա ո՞նց ապրենք, առանց այդ էլ՝ կյանքը էստեղ շատ դժվար ա»,-ասաց նա:
Հովսեփ Հովհաննիսյանը նշեց, որ տեղացիների մեծ մասը խաղագործ են և աշխատում են հիմնականում՝ սահմանին շատ մոտ:
«Էս տարի էլ ցրտահարություն եղավ, շատ վատ արդյունքի հասցրեց մեզ, ճիշտ ա՝ դեռ չգիտենք վնասի չափը, բայց մասնագետները հաշվում են, մի քանի օրից կիմանանք»,-ասաց նա:
Պառավաքարցի Թերեզ Ղարաբաղցյանն էլ նշեց, որ գյուղում տղամարդիկ գնալով պակասում են. գնում են արտագնա աշխատանքի, որ կարողանան պահել ընտանիքը.
«Էստղ էլ ով մնում ա, բաղ ունի, բաղերն ա մշակում, ով էլ ունի ոչ՝ ուրիշինն է մշակում, որ մի երկու կոպե առնի, իր տունը պահի: Ես էլ մեծ կնիկ եմ, 35 հազար դրամ թոշակ եմ առնում, մի քիչ թոռներիս եմ տալիս, մի երկու բան ենք առնում, պրծնում ա: Բոլորն էլ սենց են ապրում, իրար նման, տանջանքով մի կտոր հաց են ստանում»,-ասաց նա:
Դպրոցը անցած տարի ավարտած Արմենն էլ պատմեց, որ շուտով գնալու է բանակ, բայց դրանից չի մտահոգվում, քանի որ սովոր է կրակոցներին:










