Ն. Փաշինյանը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել, որի նպատակն է` էականորեն նվազեցնել երթևեկության տուգանքների չափերը

19:17 • 07.04.14

ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նոր նախագիծ շրջանառության մեջ դրել, որի նպատակն է էականորեն նվազեցնել երթևեկության տուգանքների չափերը։ 
 

Facebook սոցկայքի իր էջում պատգամավորը գրել է. «Այսօր պաշտոնապես շրջանառության մեջ դրեցի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Նախագծի հիմնական նպատակն է էականորեն նվազեցնել ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի չափերը: Խոսքը այն խախտումների մասին է, որոնք առավել «սիրված են» «Սիքյուրիտի դրիմ» ընկերության կողմից:


Մասնավորապես առաջարկվում է սահմանված առավելագույն արագությունը մինչև 10 կմ/ժ-ով գերազանցելու համար տուգանք սահմանել 3 հազար դրամ՝ գործող 10 հազարի դրամի փոխարեն: Առաջարկվում է սահմանված առավելագույն արագությունը 11-20 կմ/ժ-ով գերազանցելու պարագան դիտարկել որպես առանձին իրավախախտում և դրա համար տուգանք սահմանել վեց հազար դրամը:


Գործող օրենսգրքում արագությունը գերազանցումը 11-30 կմ/ժ-ով դիտարկվում է մեկ փաթեթի մեջ և տուգանվում 30 հազար դրամով: Ի դեպ, 21 և ավելի կմ/ժ-ով արագության գերազանցման տուգանքներում որևէ փոփոխություն չեմ առաջարկել:


Նախագծով առաջարկել եմ տուգանքները թեթևացնել այն խախտումերի պարագայում, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «համեմատաբար նվազ վտանգավոր»:


Առաջարկվում է նաև վերացնել չվճարված տուգանքների եռապատկման և հնգապատկման պրակտիկան, եռապատկումը փոխարինելով մեկուկես անգամով, հնգապատկումը՝ կրկնապատկմամբ:


Աշխատել եմ ստեղծել հավասարակշռված նախագիծ, որը կսանձի «Սիքյուրիտի դրիմի» ախորժակը և չի բերի ճանապարհային ամենաթողության»:


Պատգամավորը նշել է նաև, որ սիրով կդիտարկեմ այդ կապակցությամբ հղված առաջարկները: