Սնոուդենը մրցանակ է ստացել իր բացահայտումների համար
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն արժանացել է Ռիդենաուրի մրցանակին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նրան մրցանակ է տրվել «Ճշմարտության համար» անվանակարգում, որը նրա հետ կիսում է լրագրող Լաուրա Փոյթերսը: Ընդ որում՝ Սնոուդենին մրցանակը շնորհվել է հենց գաղտնի նյութեր հրապարակելու համար:
Մրցանակը սահմանված է Ազգային ինստիտուտի և Fertel հիմնադրամի կողմից ի պատիվ Վիետնամի պատերազմի վետերան Ռոն Ռիդենաուրի, որը հայտնի էր դարձել իր աղմկահարույց բացահայտումներով: Մրցանակներ են շնորհվում նաև խիզախության, լավագույն գրքի և լավագույն վավերագրական ֆիլմի համար:
Տարբեր ժամանակներում այս մրցանակին են արժանացել ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարթերը, լրագրողներ Գլորիա Ստեյնեմը, Էնթոնի Շադիդը:
Ժյուրիի անդամներն անկեղծացել են, որ Սնոուդենի թեկնածությունը վիճելի է եղել, սակայն դա չի նսեմացնում այն փաստը, որ Սնոուդենի բացահայտումները հսկայական ազդեցություն են ունեցել:










