Ասադը հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում հիմնական մարտական գործողությունները երկրում կավարտվեն. ռուս գործիչ
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ երկրում մարտական գործողությունների ակտիվ փուլը կավարտվի այս տարվա ընթացքում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ «Պաղեստինյան կայսերական ուղղափառ միություն» (ՊԿՈՒՄ) մարդասիրական կազմակերպության նախագահ Սերգեյ Ստեպաշինը՝ Դամասկոս կատարած այցի և նախագահ Ասադի հետ հանդիպման արդյունքների հիման վրա, փոխանցում է ИТАР-ТАСС-ը։
«Կրկին շոշափվել է տնտեսական համագործակցության թեման։ Իմ այն հարցին, թե ինչպես են ռազմական գործերը, Ասադը պատասխանել է, որ այս տարվա ընթացքում Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվ փուլը կավարտվի։ Նա ասել է, որ հետագայում իրենք ստիպված կլինեն զբաղվել մի բանով, ինչն անում են ամբողջ ժամանակ՝ պայքար ահաբեկիչների դեմ»,- պատմել է Ստեպաշինը։
Սիրիայի նախագահի կարծիքով՝ իր երկրում հակամարտությունը ոչ թե կրոնների միջև է, այլ բոլոր դավանանքների մարդկանց և ավազակների միջև։
Ստեպաշինը նշել է, որ Սիրիա ուղարկված հումանիտար օգնությունը՝ դեղորայքը, բուժտեխնիկան, մթերքները, հագուստը, գնվել է բարեգործական միջոցներով։ «Մեր խնդիրն է եղել բյուջետային միջոցներից չօգտագործել և ոչ մի գումար»,- նշել է նա։










