Հալեպի հայաշատ թաղամասերը դարձյալ ռմբակոծվել են (լուսանկար)
Հալեպում՝ ընդհանուր առմամբ, և Հալեպի հայաշատ շրջաններում՝ մասնավորապես, երեկ հրասանդի տասնյակ արկեր և հրթիռներ են արձակվել, տեղեկացնում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը։
Համաձայն տարածված տեղեկատվության՝ ավելի քան 40 հրասանդի արկ և հրթիռ է ընկել քաղաքում, որոնցից 5-ը՝ հայահոծ շրջաններում՝ Սուլեյմանիե, Աուժեթ Ժըպ և Վենեսուելա փողոցներում գտնվող շենքերի տանիքներին։
Պայթյունների պատճառով շրջանի բնակիչները սարսափի են մատնվել։ Գրանցվել են բնակարանների և ավտոմեքենաների տարբեր աստիճանի վնասներ, որոնք նյութական մեծ կորուստների պատճառ են դարձել։
«Բերիո լուրերի» էջը տեղեկացնում է, որ անցնող մի քանի օրերին Հալեպում սիրիական բանակի և զինյալ ընդդիմության միջև ծանր բախումներ են տեղի ունենում, մի կողմից հրասանդի արկեր են արձակվում, իսկ մյուս կողմից անդադար լսվում են տարբեր զենքերի հրաձգության և ռումբերի պայթյունների հզոր ձայներ։ 











