Ուկրաինական Բարբին դեմ է ռուսների ու հայերի միություններին՝ դեգրադացիոն հետևանքների պատճառով
Բրիտանական GQ ամսագրի ապրիլյան համարում ներկայացվել է հարցազրույց «ուկրաինական Բարբի» անունը ստացած Վալերիա Լուկյանովայի հետ, ով բավական կտրուկ է արտահայտվել միջէթնիկ ամուսնությունների վերաբերյալ։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Օդեսայում բնակվող «տիկնիկի» ռասիստական բնույթի արտահայտությունները ծաղրի առարկա են դարձել արևմտյան ԶԼՄ-ներում։
Հարցազրույցի ընթացքում լրագրողը նկատել է, որ սիլիկոնե իմպլանտների ու պլաստիկ վիրահատությունների միտումը համեմատաբար նոր երևույթ է և որ ժամանակին կանացի գեղեցկության խորհրդանիշներն այդպիսի տեսք չունեին։
Լուկյանովան նշել է, որ միջէթնիկ ամուսնությունները դառնում են մարդկանց արտաքինի դեգրադացման պատճառ, ինչի հետևանքով ժամանակակից մարդիկ այդքան էլ գեղեցիկ չեն, ինչպես որ անցած դարի 50-ական թվականներին։
«Օրինակ՝ ռուս կինն ամուսնանում է հայ տաղամարդու հետ, նրանք ունենում են հմայիչ դստրիկ, ով, սակայն, ժառանգում է հոր քիթը։ Հետո այդ աղջիկը գնում է, պլաստիկ վիրահատություն կատարում ու ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Էթնոսները միախառնվում են՝ հանգեցնելով դեգրադացման»,-ասել է իրեն այլմոլորակային համարող աղջիկը։
Լրագրողը նշում է, որ Լուկյանովայի այս պատասխանից հետո ինքն ուզում էր սեղանին դրված հյութն աղջկա դեմքին շփել։ Լրագրողի կարծիքով՝ «ուկրաինական Բարբին» ռասիստական գաղափարներով տարված այլմոլորակային է։













