Ավստրալիա կամ Աֆրիկա. ամերիկացիները չգիտեն՝ որտեղ է Ուկրաինան
Ամերիկացիների մեծ մասը պատկերացում չունի, թե որտեղ է Ուկրաինան աշխարհի քարտեզի վրա, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Washington Post-ին:
Դարթմուտի քոլեջի, Հարվարդի և Փրինսթոնի համալսարանների քաղաքագետները մարտին հարցում են անցկացրել 2066 ամերիկացիների շրջանում: Նրանք խնդրել են հարցման մասնակիցներին քարտեզի վրա ցույց տալ Ուկրաինան, ինչպես նաև պատմել՝ ինչ միջոցներ պետք է ԱՄՆ-ն ձեռնարկի այդ երկրում իրավիճակի բարելավման համար:
Առաջադրանքը հաջողությամբ կատարել է միայն յուրաքանչյուր վեցերորդ ամերիկացին:
Քարտեզի վրա յուրաքանչյուր կետը ներկայացնում է այն վայրը, որտեղ հարցման մասնակիցները տեղադրել են Ուկրաինան: Գույնը ցույց է տալիս, թե որքան հեռու է գտնվում կետն Ուկրաինայի իրական կոորդինատներից: Կարմիրով պատկերված են առավելագույն ճիշտ պատասխանները:
Հետաքրքիր է նաև, որ որքան հեռու էին հարցման մասնակիցների ենթադրությունները քարտեզի վրա Ուկրաինայի իրական գտնվելու վայրից, այնքան ավելի ակտիվ էին նրանք հանդես գալիս ԱՄՆ-ի ռազմական միջամտության օգտին:











