Ոստիկանների հանդերձանքն է փոխվում, մարդկային հարաբերություններում նրանք մնում են բռի և վայրենի. Լևոն Բարսեղյան

20:57 • 08.04.14

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ոստիկանական համակարգի բարեփոխումներին, ասաց, թե մարդկային մակարդակում շոշափելի փոփոխություններ չի տեսնում:

 

«Հագուստ կամ հանդերձանք է փոխվում, ասում են, թե ոստիկաններն ինչ-որ դասընթացներ են անցնում, բայց ոչ մի շոշափելի փոփոխություն չկա»,-ասաց Լևոն Բարսեղյանը ՝ ավելացնելով, որ երբ քաղաքական, հասարակական կյանքում տեղի են ունենում սրացումներ, նկատվում է ոստիկանների բռի, վայրենի վերաբերմունքը:

 


«Հիշենք դեկտեմբերի 2-ի հանրահավաքը, երբ 110 հոգու տարան ոստիկանություն»,-հիշեցրեց Լևոն Բարսեղյանը՝ ավելացնելով. «Հատկապես խաղաղ հավաքներ-երթեր անցկացնելու և նման այլ հարցերում մեր ոստիկանությունը մնացել է նույն հրամայական համակարգի գերին և ծառայում է իշխանությանը, ո´չ թե՝ հանրությանը: Ամեն անգամ մենք դա ստուգում ենք քաղաքական, հասարակական, սոցիալական սրացումների ժամանակ: Երբ իշխանությունը ռիսկ է զգում իր հանդեպ, անմիջապես գործարկում է ձեռքի տակի առաջին գործիքը՝ ոստիկանին, նրան հանրության թշնամին դարձնելով»:

 

Նշենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ներկայացնելով իր զեկույցը «Մարդու իրավունքների վիճակը ոստիկան-քաղաքացի հարաբերություններում» թեմայով, արձանագրել էր, որ ոստիկանության կամայականություններն առավել մեծ են Շիրակում, քան՝ Տավուշի և Լոռու մարզերում:



«Ես չեմ ուսումնասիրել ոստիկանների պրոֆեսիոնալիզմը և հստակ չեմ կարող ասել, թե որ մարզի ոստիկաններն են ավելի լավը»,-ասաց Լևոն Բարսեղյանը՝ ավելացնելով. «Ես տեսել եմ ոստիկանական ապաշնորհություն ինչպես Վանաձորի, այնպես էլ՝ Գյումրու ոստիկանների կողմից, բայց ինքս չեմ ուսումնասիրել կոնկրետ գործերի ծավալներ, ուստի չեմ կարող ասել, թե ինչու է ստացվել, որ կոնկրետ Գյումիում պատկերն ավելի բացասական է»:

 


«Ասպարեզ» ակումբի նախագահը, սակայն, ավելացրեց, որ իր կարծիքով՝ Գյումրիում ավելի շատ վստահության պակաս կա ոստիկանության նկատմամբ, ինչն ավելի շատ կապվում է լրատվամիջոցների աշխատանքով: