Ղրիմցիները կկարողանան մասնակցել Ուկրաինայի նախագահական ընտրություններին. Ուկրաինայի ԿԸՀ

15:31 • 08.04.14

Ղրիմի բնակիչները կկարողանան մասնակցել Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրություններին, հայտնում է Газета-ն՝ հղում անելով УНИАН-ին։


Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի ԿԸՀ նախագահի տեղակալ Ժաննա Ուսենկո-Չյորնայան։ Նրա խոսքով՝ դրան կնպաստեն ուկրաինական ընտրական օրենսդրության նորմերը։

 

Պաշտոնյան նշել է, որ ղրիմցիները կարող են գալ Ուկրաինայի մայրցամաքային հատվածի որևէ շրջան և դիմում ներկայացնել Պետռեեստրի մարմիններ։ Դրանից հետո նրանց կներառեն ընտրացուցակներում։

 

«Կարծում եմ՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետության սահմանակից տարածքներում հնարավոր է շրջանային ընտրական հանձնաժողովների կողմից ձևավորել մի շարք ընտրատեղամասեր, որոնք կապահովեն այն քաղաքացիների ձայնի իրավունքը, որոնք հայտնվել են նման դժվարին իրավիճակում»,- նշել է Ուսենկո-Չյորնայան։

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական արտահերթ ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին։