Երբ մարդն ունի կառավարման հմտություն, ոլորտն էական չէ. Նիկոլայ Գրիգորյանը՝ ԱԻ նախարարի փոփոխության մասին

21:17 • 08.04.14

Երբ մարդն ունի կառավարման հմտություն, ոլորտն էական չէ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ծանոթ լինելով արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանի ներուժին՝ ուրիշ ի՞նչ ոլորտում նա կարող է աշխատել:

 

«Նա արտակարգ իրավիճակների մասնագետ չէր, բայց կարճ ժամանակում կարողացավ թրծվել. ոչ մի նախարար բոլոր մարզեր, բոլոր համայնքներ, բոլոր հրշեջների մոտ չէր գնացել, և սպիտակեղենից մինչև ամենաբարդ տեխնիկայի մասին ինֆորմացիային չէր տիրապետել»,-ասաց նա՝ ավելացնելով, թե այդ ամենը վկայում է, որ մարդը և՛ պետական մտածողություն ունի, և՛ տեսլական, և՛ ամենակարևորը՝ տեսլականն իրականություն դարձնելու փորձառություն, գիտելիք, հմտություն:

 


Հարցին, թե արդյո՞ք Արմեն Երիցյանին տեսնում է պաշտպանության նախարարի պաշտոնում, Նիկոլայ Գրիգորյանը պատասխանեց. «Ո´չ: Հիմա նրան տեսնում եմ իր պաշտոնում, սակայն որտեղ էլ նրան նշանակեն, կկարողանա աշխատել»:

 


Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո պետք է ձևավորվի նոր Կառավարություն:
Իսկ հարցին, թե արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Արմեն Երիցյանից հետո ում է տեսնում, Նիկոլայ Գրիգորյանը պատասխանեց. «Այնքան բարձր է նշաձողը բարձրացված, շատ դժվար եմ տեսնում հաջորդ նախարարին, ով կփորձի այդ բարձրությունը պահել ու ավելի բարձրացնել: Բայց ինձ թվում է, որ մեր նախարարը այս ոլորտում դեռ անելու շատ բան ունի, և հուսամ, որ նա կշարունակի իր աշխատանքը և շատ նոր ու արտակարգ քայլերով և՛ կուրախացնի, և՛ կզարմացնի, և՛ ավելի կխորացնի մեր ժողովրդի վստահությունը համակարգի նկատմամբ»: