Ռեփեր Ջեյ Զին մեղադրվել է ռասիզմի համար՝ մեդալիոնի պատճառով
Ամերիկյան հայտնի ռեփեր, արևմտյան շոու բիզնեսի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկի՝ Ջեյ Զիի անվան շուրջ սկսել են խոսակցություններ պտտվել, թե երաժիշտը ռասիստ է։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, նման խոսակցությունների համար հիմք է հանդիսացել ութաթև աստղով ու 7 թվով մեդալիոնը, որով ռեփերն օրերս ներկայացել է բասկետբոլային խաղերից մեկին։
Աղբյուրը մանրամասնում է, որ մեդալիոնի նշանը խորհրդանշում է ամերիկյան Five Percent Nation խումբը, որը սպիտակամորթներին համարում է չար սատանաներ, որոնք պարտավոր են ենթարկվել սևամորթներին։
The Daily Mail-ը նշում է, որ խաղի ժամանակ լրագրողներից մեկը մոտեցել է Ջեյ Զիին ու հետաքրքրվել, թե արդյոք մեդալիոնն իրոք կապ ունի Five Percent Nation խմբի գաղափարախոսության հետ։ Ռեփերը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է դա՝ ասելով միայն, որ մեդալիոնն իր համար հատուկ նշանակություն ունի։

The Five Percent Nation խումբը հիմնադրվել է 1963թ.՝ մուսուլման ուսանող Քլարենս Սմիթի կողմից, ով հավատում էր, որ բոլոր սևամորթ տղամարդիկ իրենց մեջ Աստծուն են կրում։ Մինչդեռ սպիտակամորթները, նրա կարծիքով, թուլամորթ են, չար ու պետք է ենթարկվեն սևամորթներին, ինչպես որ երեխան ծնողին։
Խմբի ներկայացուցիչ Սալադին Ալլահը The New York Post-ի հետ զրույցում ասել է, որ Ջեյ Զին իրենց խմբի ակտիվ անդամ չէ, և անհասկանալի է, թե ինչու է երաժիշտն իրենց խորհրդանիշը համարվող մեդալիոն կրում։










