Թուրք ընդդիմադիրը հարձակման է ենթարկվել. նրան տապալել են գետնին (տեսանյութ)

16:46 • 08.04.14

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովում հարձակման է ենթարկվել։

 

Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, Քեմալ Քըլըչդարօղլուին բռունցքով հարվածել են այն պահին, երբ նա քայլերն ուղղել է իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստին մասնակցելու։ Հարվածից Քըլըչդարօղլուն տապալվել է գետնին։

 

Նրա կուսակիցները բռնել են հարվածողին և սկսել են ծեծել։
 

Չնայած տեղի ունեցածին՝ Քըլըչդարօղլուն մասնակցել է նիստին։ Նա հանդարտության կոչ է արել։

«Ժողովրդավարության ճանապարհը լի է խոչընդոտներով։ Հարձակումը, ճնշումները չեն կարող մեզ կանգնեցնել։ Սա առաջին հարձակումը չէ, որին հանդիպում են ԺՀԿ առաջնորդները»,-ասել է նա։

 

Պարզվել է, որ հարձակումն իրականացնողը 1986թ.-ին ծնված Օրհան Օվեթն է։ Ոստիկանության հավաստմամբ՝ նրան որոնում էին բազմաթիվ հանցագործություններ՝ շանտաժ, բռնություն, մարդ վիրավորել, կատարելու համար։