ՀՀԿ-ական եռյակն օգնության է հասնում բարդ ֆինանսական վիճակում գտնվող կուսակցություններին, որոնք չեն կարող աուդիտ հրավիրել
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում է պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի ու Մարգարիտ Եսայանի՝ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսած է ընդամենը՝ մեկ փոփոխություն. օրենքի 28.1 հոդվածի 1-ին կետում «ակտիվների» բառը փոխարինել «տարեկան շրջանառությունը» բառերով:
Կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը, պարտադրելով աուդիտ անցկացնել այն կուսակցություններին, ում ակտիվների չափը գերազանցում է սահմանված շեմը, բարդ ֆինանսական վիճակի մեջ է դնում այն կուսակցություններին, որոնք չունեն ֆինանսական միջոցներ՝ աուդիտ անցկացնելու համար, սակայն ունեն համապատասխան շեմից բարձր չափով ակտիվներ:
Օրինակ՝ նման իրավիճակ կարող է առաջանալ, եթե կուսակցությունն ունի մեծ արժողությամբ անշարժ գույք կամ մեծ չափի անհուսալի պարտքեր, որոնք դասվում են ակտիվների շարքը, սակայն նրա տարեկան շրջանառությունը չի բավարարում աուդիտ անցկացնելու համար:
Հաշվի առնելով այն, որ աուդիտի անցկացումը ՀՀ-ում սկսվում է 600 հազար դրամից, օրենքի վերոհիշյալ պահանջն արդեն իսկ բարդ վիճակի մեջ է դրել մի շարք կուսակցությունների, որոնք չունեն այդպիսի միջոցներ, ըստ էության՝ դրդելով վերջիններիս՝ դադարեցնել իրենց գործունեությունը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 28-ը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու իրավունք է տրամադրում: Նույն հոդվածում նշվում է նաև, որ կուսակցություններ ստեղծելու իրավունքը կարող է սահմանափակվել որոշ առանձին դեպքերում, որոնց մեջ նշված չէ ֆինանսական միջոցների բացակայության պատճառը:
Հետևաբար՝ առաջարկվում է, որ աուդիտի պահանջը գործի ո´չ թե ըստ ակտիվների չափի, այլ՝ տարեկան շրջանառու միջոցների սահմանված շեմից բարձր լինելու դեպքում:










