ԱԻՆ հաշմանդամ աշխատակիցը՝ գեղեցկության մրցույթի հաղթող. Ներկայացվեցին ԱԻՆ-ի այս և այլ ձեռքբերումները (լուսանկարներ)

11:57 • 08.04.14

Արտակարգ իրավիճակների նախարարությունն առանձնանում է այն ուղղությամբ, որ այն դարձավ գործընկեր խոցելի խավերի համար, ինչի վառ ապացույցն է այն փաստը, որ «Հայք» հաշմանդամ կանանց յոթերորդ հանրապետական գեղեցկության մրցույթում ԱԻՆ-ի հաշմանդամ աշխատակիցներից մեկն առաջին տեղն է գրավել, մյուսը՝ արժանացել հանդիսատեսի համակրանք տիտղոսին: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:


Դառնալով նախարարության այլ ձեռքբերումներին՝ պաշտոնյան ավելացրեց. «Աղետների ռիսկերի նվազեցման գործում Հայաստանը բավականին լուրջ դեր ունի: Ճիշտ է, աղետների ռիսկերի նվազեցման պատրաստվածության առումով ամենապատրաստվածը Ճապոնիան է, մենք էլ մեր դերն ունենք»:


Ասուլիսին ներկա «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի» տնօրեն Մովսես Պողոսյանն էլ նշեց, որ իրենց հիմնական ձեռքբերումն այն է, որ այսօր ցանկացած զարգացման ծրագրում ուշադրություն է դարձվում աղետների ռիսկերի գործոնին:


«Մենք արդեն հիսուն տոկոսով գնում ենք դեպի լավ պատրաստվածության, մենք պետք է ձևավորենք այդ մշակույթը»,-ասաց նա:


Իսկ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը տեղեկացրեց, որ այժմ իրենք շարունակում են աշխատանքներն այն ուղղությամբ, որ ՀՀ համայնքներում պատրաստվեն կրթական թիմեր:


«Ոչ թե սովորեցնում ենք, թե աղետների ժամանակ ինչպես պահել իրենց, այլ թե ինչ անել, որպեսզի ռիսկերը նվազեն»,-ասաց նա և ավելացրեց, որ Հայաստանն արդեն դարձել է գիտելիք արտահանող և փրկարար ծառայություն մատուցող երկիր: